Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական կողմը հակված է ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն եւս մեկ-երկու տարի»

Ապրիլ 25,2022 13:30

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքները ցույց են տալիս, որ Մոսկվայի ու Երեւանի միջեւ անհաղթահարելի տարաձայնություններ չկան եւ բանակցող կողմերը միանգամայն գոհ են գրանցված արդյունքներից:

-Որո՞նք են ապրիլի 19-ին տարածված Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարության հիմնական ուղերձները, ի՞նչ զարգացումներ սպասել:

-Ըստ էության, այդ հայտարարությունը կարելի է ընկալել` որպես երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն անվրդով շարունակելու եւ խորացնելու երկկողմ նպատակադրում: Այն տպավորությունն ունեմ նաեւ, որ ռուսական կողմը հակված է ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն եւս մեկ-երկու տարի: Սա յուրօրինակ ուղերձ է, որի հասցեատերը միջազգային հանրությունն է, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական վերնախավերն ու հասարակությունները: Մենք, ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք այն, որ հետխորհրդային ամբողջ տարածաշրջանն ու դրան հարող պետությունների զգալի մասը ակտիվ տրանսֆորմացիաների փուլ են թեւակոխել, ինչը կարող է ակտիվացնել հին, սառեցված հակամարտությունները եւ ծնունդ տալ նորերին: Սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինենք դիմակայելու ոչ միայն հին, այլեւ միանգամայն նոր մարտահրավերների: Դրանց զգալի մասը կանխատեսելի է:

-ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր հայտարարությա մեջ մեղադրում է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային Մինսկի խմբի ձեւաչափը կաթվածահար անելու մեջ: Նա բրյուսելյան հանդիպումը բնորոշում է՝ որպես հանդուգն փորձեր յուրացնել հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձրագույն մակարդակի պայմանավորվածությունների էությունն ու օրակարգը: ՌԴ-ն խանդո՞վ է վերաբերվում հայկական իշխանությունների՝ վերջին շրջանի ընդգծված պրոարեւմտյան քաղաքականությունը:

-Չեմ կարծում, որ ռուսական կողմն իրականում նման խնդիր է տեսնում: Այն տպավորությունն ունեմ, որ Մարիա Զախարովայի նմանօրինակ մոլեգին արձագանքը նպատակ ունի ռուսական քաղաքական խանդի տեսարան բեմականացնել այն դեպքում, երբ դրա համար առարկայական հիմքերն ակնհայտորեն բացակայում են. ԵՄ-ն հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա ներազդելու ոչ մի առարկայական լծակ չունի: Ավելին՝ ԵՄ-ն այսօր շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն պահպանվի ցանկացած գնով, քանի որ նպատակ ունի նվազեցնելու սեփական էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից նաեւ ադրբեջանական նավթի ու գազի, ինչպես նաեւ վերջինիս՝ էներգակիրների տարանցման հնարավորությունների շնորհիվ: Այսինքն, ԵՄ-ն, հավանաբար, կսատարի ռուսական ջանքերին Հարավային Կովկասում, եթե երաշխիքներ ունենա, որ իր էներգետիկ շահերը հաշվի կառնվեն: Չեմ բացառում, որ այս կերպ գուցե հնարավոր կլինի ադրբեջանական նավթին կամ գազին ինչ-ինչ հարաբերակցությամբ խառնել նաեւ ռուսականը: Վարչապետ Փաշինյանի այցից հետո տեսնելի է նաեւ ՄԽ եռանախագահության ձեւաչափը կենդանի պահելու հավանականությունը:

-«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագիծը, որը հեղինակել է «Հայաստան» խմբակցությունը, խորհրդարանում տապալվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք, կամ եթե այդ նախագիծը քննարկվի եւ ընդունվի, ի՞նչ կարող է այն փոխել:

-Գործող իշխանության համար սա հարմար առիթ էր ցույց տալու Անկարային ու Մոսկվային, որ պատրաստ է անտեսել ու ճնշել ներքաղաքական ցանկացած ընդվզում, որի թիրախում կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

-Միշել-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումներից հետո կարծես ՌԴ-ն դժգոհ է մնացել, համենայն դեպս, Սերգեյ Լավրով-Արարատ Միրզոյան ասուլիսից այդպիսի տպավորություն կարելի էր ստանալ: Ի՞նչ է ուզում ՌԴ-ն եւ ի՞նչ քաղաքականություն են վարում ՀՀ իշխանությունները:

-Պարոն Լավրովը վերջին շրջանում բավականին մռայլ է՝ վաղուց նրան հանրային հարթակներում ժպտալիս չեմ տեսել: Հավանաբար դրա համար լուրջ պատճառներ կան, որոնք անպայման չէ, որ պետք է կապված լինեն հենց ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ: Ամեն դեպքում Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքները ցույց են տալիս, որ Մոսկվայի ու Երեւանի միջեւ անհաղթահարելի տարաձայնություններ չկան եւ բանակցող կողմերը միանգամայն գոհ են գրանցված արդյունքներից: Իսկ բրյուսելյան հանդիպումն էլ դիտարկում եմ Էներգառեսուրսների մատակարարումը դիվերսիֆիկացնելու ԵՄ ցանկության համատեքստում, որը, տվյալ դեպքում, կարող է նմանվել ընդամենը դրամը աջ գրպանից ձախ գրպանը տեղափոխելու գործողության:

-Այս իրավիճակում ինչպե՞ս կբնորոշեք Արցախի իշխանությունների վարքագիծը, մանավանդ, որ բավականին խիստ հայտարարություն տարածեցին կապված ՀՀ իշխանությունների կողմից արցախյան հակամարտության ուղղությամբ տարվող քաղաքականության հետ:

-Արցախը քաղաքական ինքնուրույնություն դրսեւորելու անհրաժեշտության առջեւ է կանգնած՝ իր պետական ինքնիշխանությունը դրսեւորելու անհրաժեշտության առջեւ: Խորհուրդ կտայի, որ վերջապես այնտեղ ընդունվի «Արցախի Հանրապետության քաղաքացիության մասին» լիարժեք օրենքը: Դրա նախագիծը տեղի իշխանություններին առաջարկվել է դեռեւս 2005 թվականին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930