Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի տենորին մերժել են եվրոպական թատրոններում` ռուսական անձնագրի պատճառով

Ապրիլ 25,2022 13:00

Խաչատուր Բադալյանը գլխավոր դերերգով առաջին անգամ հանդես եկավ հայրենիքում

Ռուսաստանաբնակ օպերային տենոր Խաչատուր Բադալյանին օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ հանդիպեցինք դերերգով։ Մեր հայրենակիցն իսկապես փայլեց Բիզեի «Կարմենում» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան), Խոզեի կերպարի մեկնաբանմամբ։ Ռուսաստանյան եւ արեւմտյան հեղինակավոր թատրոններում շուրջ 10 տարի սպասված ու ցանկալի հյուր երգչի արվեստին առաջին անգամ Հայաստանում առնչվեցինք 2021թ. աշնանը, անվանի օպերային տենոր Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գալա համերգին։ Այն ժամանակ մեզ հետ զրույցում (25.11.2021թ.) նա հայտնել էր, որ բեմ է բարձրացել 24 տարեկանում՝ 2007թ., Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնում, Լոհենգրինի դերերգով՝ Վագների համանուն օպերայում ու նշել էր, որ հենց այդ դերերգից հետո, իր խոսքերով՝ հրավերների տարափ է տեղացել հեղինակավոր թատրոններից։ Երբ ծնունդով Հյուսիսային Օսեթիայից արվեստագետից հետաքրքրվել էինք, թե հավանաբար իր կարիերայում մեծ դերակատարում է ունեցել համերկրացին՝ Վալերի Գերգիեւը, պատասխանել էր. «Բնականաբար, մաեստրո Գերգիեւը, ինչպես նշեցիք, իմ համերկրացին է, եւ դրանով ամեն ինչ ասված է»։


Հավելել էր նաեւ, որ «Նովայա օպերայում» դեբյուտից հետո ինքը 2012-ին Մարիինյան թատրոնում բեմելն էլ է համարում դեբյուտ։ Զրույցում երգիչն առանձնացրել էր Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ ու իր մասնակցությամբ Վերդիի Ռեքվիեմի բեմականացված տարբերակը եւ Ֆաուստի դերերգը Գունոյի համանուն օպերայում՝ օպերային դիվա Աննա Նետրեբկոյի ընկերակցությամբ, որը ներկայացվել էր «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությանը։

Տեսարաններ երեւանյան «Կարմենից»։

15 տարի բեմական գործունեություն ծավալած երգչի խաղացանկը ընդգրկուն է համաշխարհային օպերային գրականության նմուշներով։ Ասել, թե երեւանյան «Կարմենում» նա հրաշալի մարմնավորեց Խոզեին, նույնն է՝ թե ոչինչ չասել։ Ներկայացման ավարտից հետո մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ արվեստագետը հայտնեց, որ առաջին անգամ Խոզե է մարմնավորել Ֆրանսիայի «Օպերա-Բաստիլում», հետո Մարիինյան թատրոնում ու «Նովայա օպերայում», եւ դա իր սիրած դերերգերից է։ Նա տպավորված է մեր թատրոնի, իր խոսքերով՝ այս բեմադրության չափազանց յուրահատուկ ռեժիսուրայով, նշեց նվագախմբի, երգչախմբի, տարբեր դերերգերով հանդես եկող իր կոլեգաներին, հատկապես առանձնացնելով Կարմենին՝ Գրետա Բագիյանին։


Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, որից անմասն չեն մնացել նաեւ արվեստագետները։ Օրինակ բերեցինք օպերային դիվա Աննա Նետրեբկոյին, որը դիմելով «Մետրոպոլիտեն-օպերայի» գլխավոր տնօրեն Փիթեր Գելբին, գուցե փորձել էր բացառություն կազմել՝ փաստելով, որ վերջին շրջանում ընտանիքով բնակվում է Ավստրիայում, բայց ի պատասխան տնօրենը արձագանքել էր, թե ոչնչով օգնել չի կարող։ Այդ առիթով Խաչատուր Բադալյանն ասաց, որ վաղուց կնքված իր երեք պայմանագրերն էլ են չեղարկվել. «Ռուսաստանի քաղաքացի լինելու պատճառով ինձ նույնպես միանգամից մերժեցին՝ առանց բացատրության»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930