Լրահոս
Օրվա լրահոսը

Վկային հարց տվեցին, թե ինչ գիտի Ալի Սայիբ բեյի՝ գիշերով մեծ կողովներով ուղարկված երեխաների մասին

Ապրիլ 25,2022 12:30

Ձեզ ենք ներկայացնում թուրքական մամուլի հրապարակումներից, որոնք վերաբերում են 1919թ. դատական գործընթացներին: Հայկական կոտորածների, տեղահանության գործերով դատական ռեպորտաժները նրանց իսկ մատուցմամբ, «պատմական դատավարություններ» էին: 1919թ. ապրիլի 27-ի «Ալեմդար»-ի հրապարակումը Մելինե Անումյանի «Երիտթուրքերի1919-1921թթ. դատավարությունների վավերագրերը ըստ Օսմանյան մամուլի» գրքից է:

Ռազմական արտակարգ ատյանում Տրապիզոնի տեղահանության եւ կոտորածների դատավարությունը

Երեկ ռազմական արտակարգ ատյանում շարունակվեց Տրապիզոնի տեղահանության դատավարությունը: Նիստը սկսվեց ժամը 14.15-ին: Նախ հարցաքննվեց Գիրեսունի կայմակամ Արիֆ բեյը: Վերջինս հայտնեց, որ բացի Նիազի բեյից՝ մնացած բոլոր մեղադրյալներին ճանաչում է, իր եւ նահանգապետի միջեւ ամեն բան պարզ է եղել, այդ իսկ պատճառով ինքը պաշտոնաթող է եղել, թեեւ Տրապիզոնում եղած ժամանակ իրեն որոշ խոսակցություններ են հասել առ այն, թե հայերը իրենց իրերը պահպանության հանձնելուց հետո հեռացել են, եւ որոշ ողբերգական դեպքեր են պատահել, սակայն դրա մասին իրեն ճշգրիտ ոչինչ հայտնի չէ: Ապա այդ օրը հրավիրված վկաներից նավահանգստի ղեկավար Ասըմ էֆենդին հանդես եկավ հետեւյալ ցուցմունքներով. «Նահանգապետը նավակները մշտապես իր հրամանի տակ չէր պահում: Դա կախված էր լինում մեզ մոտ արված փաստաթղթային ձեւակերպումներից: Մենք բոլորովին տեղյակ չէինք նավերի միջոցով կատարվող ողջ տարագրման մասին, նավաստիներից եւ որեւէ բան իմանալն անհնար էր, որովհետեւ միայն իրպեսներին եւ իր գործին ձեռնտու մարդկանց էր ներգրավում: Մյուսները նույնպես ոչինչ չէին կարողանում ասել: Վալիի բռնակալությունը բոլորին այնպես էր ահաբեկել, որ մեծարգո փաշա, եթե Դուք էլ այնտեղ լինեիք, դարձյալ չէիք կարողանա որեւէ բան ասել: Ես վալիին ոչինչ չէի կարող անել՝ պաշտոնս կորցնելու վախի պատճառով: Ես թիկունք չունեցող մարդ էի: Գործակալ Մուստաֆա էֆենդին պատվարժան անձնավորություն է, սակայն վալիի ահից հսկում էր նավերը»:

Այնուհետեւ մեղադրող կողմի պահանջի հիման վրա, վկային հարց տվեցին, թե ինչ գիտի Ալի Սայիբ բեյի՝ գիշերով մեծ կողովներով ուղարկված երեխաների մասին, որի առնչությամբ ցուցմունք է տվել վկա Վերժինը՝ գիշերով կատարված տեղահանության կապակցությամբ: Ի պատասխան՝ Ասըմ էֆենդին, իր խոսքը կրկնելով, հայտնեց, թե դա բացարձակ սուտ է, եւ որ ինքը նույնպես դրա մասին թերթերից է իմացել:

Ասըմ էֆենդուց հետո վկաներից դատական դահլիճ հրավիրվեց Տրապիզոնի նահանգային վարչության պաշտոնական գրությունների պատասխանատու Ֆուադ բեյը, որի ցուցմունքների համաձայն, ինքը տեղյակ չի եղել գաղտնի տեղեկությունների եւ փաստաթղթերի մասին, վիլայեթում երկու տեսակի գաղտնագիր է եղել, որոնցից մեկից օգտվել է միայն վալին: Հավանական էր, որ տպարանում իր կողմից չնկատված որոշ բաներ տպագրվեին: Ֆուադ բեյի՝ Թանկարժեք իրերի հետախուզական հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու հանգամանքն ի նկատի ունենալով՝ նրան հարցրեցին վալիի կողմից գործակալ Մուստաֆա էֆենդուն տրված թանկարժեք զարդերով արկղիկի մասին: Վկան պատասխանեց, թե տեղեկություններ չունի: Ապա որպես վկա հրավիրվեց եկամուտների տեսուչ Լյութֆի բեյը:

Պարզվեց, որ Լյութֆի բեյը՝ Լքված գույքի հանձնաժողովում ընդգրկված լինելով հանդերձ, չի աշխատել Ֆուադ բեյի հետ միասին: Երկուսն էլ տեղեկություններ տվեցին թանկարժեք զարդերով արկղիկի մասին: Լյութֆի բեյն ընդգծեց, թե հանձնման եւ ընդունման գործողությունները հանձնաժողովների ներկայությամբ չեն կատարվել. դա անհրաժեշտ չեն համարել՝ վստահելով այդ մարդկանց խղճին:

Ալի Սայիբ բեյին տրված հարցին ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ 100 000 լիրայանոց զարդեղեն չի եղել, ինչպես ենթադրվում էր, Տրապիզոնում այն հանձնաժողովին հանձնված զարդեղենը, որում ինքն էլ է ընդգրկված եղել, հազիվ 3-4 հազար լիրա կարող էր կազմել, իսկ մնացածի մասին ինքը տեղեկություն չունի: Նախագահն էլ նշեց, թե այստեղ ուղարկված զարդեղենի ընդհանուր գինը 1000 լիրայից ցածր է եղել եւ որ այդ ցուցակներն ինքը ցույց կտա Ֆուադ բեյին, առկա զարդեղենի չարաշահումը լիովին ապացուցել է, այդ հանգամանքը նույնպես նրանց անփութության ցուցանիշներից է: Ապա վկային հիշեցվեց, որ հաջորդ օրը նույնպես գա՝ ցուցակը տեսնելու նպատակով:

Այնուհետեւ դահլիճ բերվեց մյուս վկան՝ Լյութֆի բեյը: Թեեւ Ֆուադ բեյն ասել էր, թե զարդեղենը Տրապիզոնից Ստամբուլ է բերվել, վիլայեթի ֆինանսական բաժնի վարիչ Լյուֆթի բեյի միջոցով, սակայն ինքը հերքեց դա եւ հայտնեց, որ նահանգային վարչության պաշտոնական գրությունների պատասխանատուն, սեփական կարծիք ունեցող անձնավորություն չլինելով, ընդամենը վալիի հսկողության տակ գտնվող մի լրագրող է եղել, Տրապիզոնում կատարված չարաշահումներին միայն ինքն է արգելք եղել, եթե ինքն էլ չլիներ, ապա ամեն ինչ կողոպտվելու էր: Բացի այդ, ըստ վկայի ցուցմունքների, զարդեղենի քանակը պետք է որ ավելին լիներ՝ ի նկատի ունենալով լքված գույքի մեծաքանակ լինելու հանգամանքը: Այս վկայի դուրս գալուց հետո առանձնացվեց տրապիզոնցի Մուրադի հետեւյալ ցուցմունքը՝ կարճ բովանդակությունը. «Ականատես եմ եղել, թե հայերի՝ Տրապիզոնից դուրս գալուց հետո ինչպես են նրանց բազմաքանակ իրերը, կտորներն ու ադամանդները վաճառվել: Ծախված իրերն ընկնում էին Նիազի էֆենդու եւ նրա ընկերների ձեռքը:

Նիազի էֆենդին յուրացրեց իմ մոտորանավակը եւ այն վաճառեց Սինոպում: Դեֆթերդար բեյը եւս տեղյակ է այդ մասին»:

Ապա դատախազի պահանջով հաղորդվեց, որ Մուրադը դատարան է ներկայացել ոչ թե որպես վկա, այլ՝ հայցվոր, եւ որ նիստի ավարտից հետո անդրադառնալու են նաեւ նրա հարցին: Այնուհետեւ վկայությամբ հանդես եկավ երկրորդ քարավանով Դալթաբան բռնագաղթեցված տիկին Միշտուհին, որից հետո վկաներից հարցաքննվեց տիկին Մանթիկը:

«Առավոտ» օրաթերթ
23.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930