Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից անտեսւում են Սումգայիթի, Բաքուի, Գանձակի հայկական բնակչութեան ցեղասպանութիւնը, 1921 թ. մարտի 16 -ի Լենին-Աթաթուրք Մոսկուայի պայմանագիրը եւ շատ այլ կարեւոր պատմական փաստեր, որոնք մշտական դատապարտման կարիք ունեն։
2020 թ. նոյեմբերի 9 -ից յետոյ անտարբերութիւնն աւելացաւ։ Մեր հասարակութիւնն այս հարցով լուրջ դժգոհութիւն չցուցաբերեց`շեղուելով տարատեսակ եւ երկրորդական իրադարձութիւնների վրայ։ Մօտենում է Ապրիլի 24 -ը, իսկ մենք չգիտենք ազգասպանի նկատմամբ մեր անելիքն ու ասելիքը։
Խնդիրը ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն է, այլ դրա ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ։
Մեր ազգային հիմնախնդիրը Հայկական հարցի արդարացի լուծումն է։ Արցախեան հարցը Հայկական հարցի անբաժան ու կարեւոր մասերից մէկն է։ Ինչո՞ւ է մեր քաղաքական գործիչների մեծ մասը յատուկ օգտագործում Արցախեան ՀԻՄՆԱԽՆԴԻՐ արտայայտութիւնը՝ լուսանցքում թողնելով Հայկական հարցի գոյութիւնը։
Կարդացեք նաև
Կայ եւս մեկ կարեւոր բան։ Մեր ազդեցիկ դէմքերը հիմնականում օգտագործում են «Ղարաբաղ» տեղանունը պատմական ԱՐՑԱԽԻ փոխարէն։ Դա արուել է անկախ Հայաստանի բոլոր իշխանութիւնների կողմից։ Այս համազգային հարցերում նրանք միաբան են։
Հիմնաւոր տպաւորութիւն կայ, որ եթէ այսօր ազատագրեինք պատմական Տիգրանակերտը, մեր լուրերով կլսեինք, որ գրաւել ենք Դիարբեքիրը։ Նոյնիսկ թուրքերը չէն փոխել Սասուն, Մուշ, Վան, Անի Հայկական տեղանունները, իսկ մեր հասարակութեան մէջ վիճում են թէ արդէօ՞ք վիթխարի Արցախ «Ղարաբաղը» մերն է։ Այս խեղաթիւրումն ամեն տարի աւելի լայնածաւալ բնոյթ է ստանում։
Խնդրի լուծումը պէտք է լինի մի քանի ուղղութիւններով։ Հայաստանի Հանրապետութիւնը պետք է ամրապնդի իր դիրքերը, կայունացնելով ներքին կեանքը։ Միայն ուժեղ Հայաստանը կարող է արդիւնաւէտ պաշտպանել Հայկական դատը։ Մեր հասարակութիւնը կարեւորագոյն ազգային հարցերում պետք է լինի միասնական եւ ղեկավար ընտրելուց առաջնորդուի աւելի շատ ծրագրով ու գործելակերպով, քան անձերով ու սեփական անցողիկ զգացմունքներով։ Այս ամենին հնարաւոր է շուտ հասնել՝ մտերմանալով մեր մշակույթին եւ աւանդոյթներին։
Յ. Գ. Խորհրդանշական է, որ 1966 թ. հենց ապրիլի 24 -ին հիմնադրուեց Հայաստանի անկախութեան վերականգնման համար պայքարած եւ յաղթած Ազգային միացեալ կուսակցութիւնը (ԱՄԿ-ԱԻՄ)։
«Սուգը յաւերժ է, եթէ պայքար չկայ»՝ ազգային հերոս Մովսէս Գորգիսեան։
Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ
Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր
«Առավոտ» օրաթերթ
23.04.2022