Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի օրը Սյունիքի մարզկենտրոնում նախատեսված միջոցառումները մեկնարկեցին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց։
Կապանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը Սուրբ պատարագ մատուցեց, որից հետո մարզային ու համայնքային իշխանությունները, մարզպետարանի ու Կապանի համայնքապետարանի, մարզային ենթակայության հաստատությունների աշխատակիցները, ուժային ու իրավապահ մարզային կառույցների ղեկավարներրը շարժվեցին Բաղաբուրջ։
Կարդացեք նաև
Այստեղ է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը։ Հոգեհանգստյան կարգից հետո տեղի ունեցավ ծաղկադրման ու պսակադրման արարողություն։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահ է՝ այսօր հայ ազգը պետք է մեկ բռունցք դառնա։ Այլ ելք չկա։ «Ինչ էլ ասենք, միեւնույն է, պիտի արձանագրենք, որ 107 տարի առաջ տեղի ունեցածը սարսափելի ու դաժան էր։ Այսքան տարի անց՝ դեռ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ ավարտված չէ, ցանկությունները դեռ վերացված չեն։ Սա նշանակում է, որ մենք պարտավոր ենք ուղղակի մեկ բռունցք դառնալ, դառնալ միասնական, որպեսզի ազգովի կարողանանք մարտահրավերներին դիմակայել։ Սա մեր ազգի համար օրվա հրամայական է, այսօր շատ կարեւոր է՝ ևս մեկ անգամ համախմբվելու»,-համոզված է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Բաղաբուրջի հուշահամալիրում ամփոփված են Արցախյան գոյամարտում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած նահատակները։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ծաղիկներ են խոնարհել նաեւ հերոսացած տղերքի շիրիմներին։
Նրանք հարգանքի տուրք են մատուցել ու ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ինչպես նաեւ 1941-1945 թթ․-ի Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ