Սկիզբը՝ այստեղ
Մաս 8
- Ինչպե՞ս ենք լուծելու Արցախի հարցը, ինչպե՞ս ենք կառուցելու հարաբերություններն Ադրբեջանի հետ և ապահովելու մեր անվտանգությունը։
Արցախի անկախության պատերազմում 1994 թ.-ին տարած հաղթանակից հետո Հայաստանի դիրքորոշումն, այնուամենայնիվ, անորոշ մնաց. մի կողմից՝ այն չի իրականացրել ռազմական լայնածավալ գործողություններ, մյուս կողմից` նրա սահմաններին զինված բախումներ են տեղի ունեցել, և շարունակել են զինվորներ ու խաղաղ բնակիչներ զոհվել:
Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի հարձակումները, այդ թվում և 2016 թ. քառօրյա պատերազմը, ուժի յուրօրինակ փորձարկումներ էին։ Ամրանալով, միավորվելով ուժեղ դաշնակցի հետ և օգտվելով բացված հնարավորություններից՝ Ադրբեջանը մեզ ներքաշեց Արցախի 44-օրյա պատերազմի մեջ, որում մենք մարդկային լուրջ կորուստներ ունեցանք, իսկ Արցախը զրկվեց իր տարածքների զգալի մասից։
Կարդացեք նաև
Այնպես ստացվեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ես եկա Երևան, այդտեղից էլ մեկնեցի Արցախ և, այդպիսով, ականատես եղա պատերազմի սկզբին։ Ես տեսա հայրենիքի համար մարտի մեկնող մարդկանց նվիրումը և մարտերի առաջին օրերի զգացմունքային ընդհանուր վերելքը։ Միևնույն ժամանակ, անհնար էր չնկատել ամենուր տիրող անկազմակերպվածությունը, գործողությունների հստակ ծրագրի բացակայությունը, պատերազմին մեր անպատրաստ լինելը ինչպես բանակում, այնպես էլ խաղաղ բնակչության շարքերում։
Այսօր մենք շարունակում ենք մնալ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, և այս անորոշ կարգավիճակը մեզ թույլ չի տալիս հանգելու այն մտքին, թե ինչ ուղղությամբ առաջ շարժվենք, ինչպես հարաբերություններ կառուցենք տարածքային առավելություն ստացած և այդ քարտն իր համար ամենաշահավետ կերպով խաղարկող հարևանի հետ։ Կասկած չկա, որ մեզնից շատերն իրավացիորեն վախենում են մոտ ապագայում զինված հակամարտությունների վերսկսումից, ուստի անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում ոչ միայն վերլուծել պատերազմում պարտության հանգեցրած սխալները, այլև ճիշտ եզրակացություններ անել և խորքային փոփոխություններ կատարել ինչպես բանակում, այնպես էլ ողջ հասարակության մեջ։
Մեր առջև ծառացած են մի շարք բարդ խնդիրներ. պատերազմի ծանր հետևանքների հաղթահարում, քայքայված տնտեսության վերականգնում, մեր անվտանգության համակարգի վերափոխում ոչ միայն ռազմական, այլև տնտեսական հզորության առումով, որպեսզի այն լիարժեքորեն ապահովի մեր պաշտպանությունը գալիք տասնամյակների ընթացքում, սահմանային խնդիրների լուծում, ավերված տրանսպորտային հաղորդակցությունների ու ենթակառուցվածքների նորոգում, զոհվածների և վիրավորների ընտանիքներին օգնություն, ռազմագերիների ու փախստականների վերադարձում տուն: Ի վերջո, ռազմավարական այս կարևոր տարածաշրջանում անհրաժեշտ է ապահովել դաշնակիցների աջակցությունը (որպիսին կարող է դառնալ, օրինակ, Իրանը, բացի այդ, անհրաժեշտ է գործընկերային հարաբերություններ զարգացնել Հնդկաստանի և Չինաստանի հետ)՝ մեր նկատմամբ ագրեսիայի հետագա դրսևորումը դարձնելով եթե ոչ անհնար, ապա գոնե առավելագույնս դժվար:
Միաժամանակ մենք պետք է շարժվենք Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհով, որքան էլ դա դժվար լինի։ Սակայն խաղաղության համաձայնագիրն ամենևին չի նշանակում խաղաղության հաստատում ցանկացած պայմաններով։ Բանակցությունները պետք է վարվեն ոչ թե պարտվողի և հաղթողի, թույլ և ուժեղ հակառակորդների միջև, այլ երկու հավասարապես ուժեղ կողմերի միջև, որոնք կարող են պայմանավորվել՝ ելնելով երկուսի կողմից խաղաղության օգուտների ըմբռնումից։
Հայկական վերնախավի խնդիրն է Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգումը և Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
Ուժեղ դառնալու համար, անշուշտ, ժամանակ և միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներ են պահանջվում՝ կրած կորուստներն ամենասեղմ ժամկետներում փոխարինելու, բանակը վերակառուցելու ու արդիականացնելու և կադրային սպաներ պատրաստելու համար: Անհրաժեշտ են «խելացի» փողեր և բանիմաց ռեսուրսներ՝ ուղղված գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, պաշտպանական ձեռնարկությունների ստեղծմանը, տեխնոլոգիական կլաստերին, որը թույլ կտա արհեստական բանականության ոլորտում մշակումներ ու փորձարկումներ անցկացնել (այդ թվում` նաև ռուսական ընկերությունների կողմից) և արտադրություն հիմնել այդ բնագավառում։ Բարեբախտաբար, ունենք տաղանդավոր երիտասարդ գիտնականներ, հաջողակ ստարտափների հիմնադիրներ, որոնք իրենց փորձով ու գիտելիքներով կարող են նպաստել գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։
Մենք պետք է հզոր տնտեսություն կառուցենք, որն Ադրբեջանին ու Թուրքիային թույլ չի տա նոր պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ուժեղ գործընկեր, որը մեզ կհաղորդի անվտանգության զգացում և զարգացման գործում բեկում մտցնելու վրա կենտրոնանալու հնարավորություն: Ակնհայտորեն, մեզ համար նման գործընկեր է Ռուսաստանը, բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ։ Գործընկերությունը ենթադրում է երկկողմանի համաձայնություն: Չի կարելի պաշտպանություն պահանջել հզոր տերություններից և ակնկալել, որ նրանք մեզ կօգնեն՝ ելնելով զուտ այլասիրությունից: Սա փոխադարձ փոխանակման գործընթաց է, հետևաբար, նախքան հասկանալը, թե ովքեր են մեր դաշնակիցները, մենք պետք է իմանանք, թե ինչ ունենք և ինչ կարող ենք նրանց առաջարկել:
Այսօր ռուս խաղաղապահներն առանցքային դեր են խաղում Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, անվտանգության գոտու ստեղծման և, որ ավելի կարևոր է, Արցախը որպես այնպիսի տարածք պահպանելու գործում, որտեղ ապրել, ապրում և ապրելու են հայեր։ Իմ կարծիքով, հայկական վերնախավի ամենակարևոր խնդիրն է համախմբվել և բոլոր ջանքերը գործադրել՝ Արցախում ռուսական խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարաձգելու, նրա մանդատը հանգամանալից ձևակերպելու ու պաշտոնականացնելու համար, Արցախի հիմնախնդրի լուծման հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, և գիտակցել, որ այդ հարցը դուրս է գալիս առանձին պետությունների շահերի շրջանակից և վերաբերում է ողջ Հարավային Կովկասի ապագային։
- Ինչպե՞ս պիտի կառուցվեն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Իրականությունն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է և հիմնական վարկատուներից մեկը, մեր ապրանքների ու ծառայությունների արտահանման կարևորագույն շուկան, ինչպես նաև մեր երկրից միգրանտներին գրավող աշխատաշուկան։ Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին քաղաքական և ռազմական-ռազմավարական գործընկերն է, զենքի մատակարարը։ Մեր սահմանները պահպանող ռուսական զինված ուժերը մեր տարածքային ամբողջականության երաշխավորն են։
Պետք է կառուցել Ռուսաստանի հետ հարաբերությունների այնպիսի մոդել, որի շրջանակներում Հայաստանը, իր գործընկերային պարտավորությունները կատարելիս, տնտեսական զարգացման հնարավորություն ստանա՝ պահպանելով իր ինքնությունն ու միջազգային դիրքը, ինչպիսին էլ որ լինի իր կարգավիճակը՝ անկախ ինքնիշխան պետություն, Եվրասիական տնտեսական միության անդամ, թե Միութենական պետության մասնակից երկիր։
Անկախ ընտրված ձևաչափից՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է հիմնվեն լիակատար վստահության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա։ Հակառակ դեպքում, Հայաստանը կկանգնի Ռուսաստանի արբանյակը դառնալու վտանգի առջև, կդառնա փոքրաթիվ բնակչությամբ և ռուսական ռազմական բազաների զգալի ներկայությամբ երկիր, ինչը նրան է՛լ ավելի մեծ կախման մեջ կդնի Ռուսաստանից և կդարձնի տնտեսապես ու սոցիալապես խոցելի:
Ռուսաստանի համար թույլ Հայաստանը վտանգավոր է. նրան պետք է ուժեղ ու բարգավաճող Հայաստան։
Սակայն Ռուսաստանին իբրև գործընկեր բոլորովին ձեռնտու չէ թույլ Հայաստանը, որը մշտապես հույսը դնելու է ավելի ուժեղ գործընկերոջ օգնության վրա։ Թուլացած Հայաստանը դառնում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական ուժերի շահարկման թիրախ, որոնք ավելի էական աջակցություն են խոստանում։ Որպեսզի Ռուսաստանը կարողանա պահպանել Հարավային Կովկասի երկրների տնտեսական ու սոցիալական միասնական տարածք ինտեգրողի իր դերը, նրան պետք է մեկ այլ Հայաստան. ոչ թե նոսր բնակեցված պարկուճ պետություն, որը գոյություն ունի հիմնականում հովանավոր պետության աջակցության շնորհիվ, այլ ուժեղ ռազմավարական գործընկեր:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն արդեն 30 տարի անկախ պետություն է, նրան, այնուամենայնիվ, չի կարելի համարել Ռուսաստանի ազդեցության գոտու արտաքին պարագծի մաս։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև սոցիալ-տնտեսական կապերը բազմակողմանի բնույթ են ստացել։ Դա արտահայտվում է և՛ երկու երկրների միջև աշխատանքային ռեսուրսների մշտական հոսքով, և՛ Ռուսաստանում ամենամեծ հայկական համայնքներից մեկի առկայությամբ, որը կապեր է պահպանում իր փոքրիկ հայրենիքի հետ, և՛ Ռուսաստանի վերնախավում հայերի ներկայացվածությամբ։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության, քաղաքականության մեջ և սոցիալական ոլորտում, անխուսափելիորեն իր արտացոլումն է գտնում Ռուսաստանի կյանքի համապատասխան ոլորտներում։ Ուստի ակնհայտ է, որ այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, գտնվում է Ռուսաստանի Դաշնության ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության հարթությունում։ Այդ իսկ պատճառով, ևս մեկ անգամ ընդգծեմ. թույլ Հայաստանը վտանգավոր է Ռուսաստանի համար, նրան պետք է ուժեղ ու բարգավաճող Հայաստան։
- Ինչպե՞ս ենք պատրաստվում Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացմանը։
Այն ժամանակից ի վեր, ինչ փակվել էր Թուրքիայի հետ սահմանը, մենք վարժվել էինք մեր հարևանի հետ տնտեսական ու մշակութային կապերի բացակայությանը, և շատերին այդ իրավիճակը բավականին ձեռնտու էր։ Սահմանի բացումն այսօր ևս քիչ հավանական է թվում։ Այդուամենայնիվ, մենք պետք է առավելագույնս պատրաստ լինենք իրադարձությունների նման շրջադարձին, և վերնախավի պարտականությունն է սահմանի բացման դեպքում հանգամանալից ծրագիր մշակել, որպեսզի դա տեղի ունենա Հայաստանում, ինչպես և աշխարհի այլ երկրներում բնակվող հայերի համար ընդունելի պայմաններով։ Այս կապակցությամբ հարկավոր է հաշվի առնել մի շարք գործոններ։
Նախևառաջ, զգալիորեն կրճատվել է Թուրքիայի և Հայաստանի տնտեսությունների միջև անջրպետը։ Եթե 1993 թ.-ին Թուրքիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տասն անգամ գերազանցում էր Հայաստանինը, ապա այսօր այն ընդամենը երկու անգամ է բարձր՝ համապատասխանաբար կազմելով 8538,2 և 4267,5 ԱՄՆ դոլար[1]։ Երկրորդ՝ Հայաստանին սահմանակից Թուրքիայի գրեթե բոլոր գավառների բնակչությունը (հիմնականում քրդերն ու համշենցիները) ավելի աղքատ է, քան Հայաստանի բնակչությունը։ Երրորդ, տասնամյակների ընթացքում երկու տնտեսություններին էլ հաջողվել է հարմարվել փակ սահմանների և տրանսպորտային զարկերակների շրջափակման բացասական ներգործությանը, և այսօր Թուրքիայի տնտեսությունը գործնականում որևէ ազդեցություն չի գործում Հայաստանի տնտեսության վրա, ինչը նշանակում է, որ Թուրքիան հնարավորություն չունի որևէ կերպ ազդելու մեր երկրի իրավիճակի վրա։
Պարզ է, որ սահմանի բացումը, ապրանքների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժի շնորհիվ, կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը։ Հայերը, որոնցից դեռևս բավական մեծ թվով բնակվողներ կան Թուրքիայում, օրինակ՝ համշենցիները, վերջապես հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ինչը, անկասկած, կնպաստի հայ ենթաէթնիկ խմբերի միջև մշակութային փոխազդեցությանը և նրանց աստիճանական «շուլալմանը»։ Զբոսաշրջային հոսքերի ակտիվացումը կխթանի սահմանամերձ ամենաաղքատ շրջանների բարեկեցության աճը, ինչը, մի կողմից, կամրապնդի նրանց կապերը Հայաստանի հետ, իսկ մյուս կողմից` ավելի կթուլացնի նրանց տնտեսական ու քաղաքական կախվածությունը Թուրքիայից։
Երկու ճանապարհ կա. ոչինչ չանել՝ վախենալով թուրքերի մուտքից Հայաստան, կամ ակտիվորեն գործել՝ սահմանի բացմանը հնարավորինս պատրաստ լինելու համար։
Բաց լինելը, սակայն, ստեղծում է ոչ միայն նոր հնարավորություններ, այլ նաև նոր մարտահրավերներ. առաջին հերթին տարածաշրջանում անվտանգության առումով` ահաբեկիչների տեղափոխման նոր հնարավորություն ստեղծելով Անդրկովկասում։ Սահմանի բացման ակնհայտ և անմիջական հետևանքը կլինի հայկական շուկայի հեղեղումը թուրքական ապրանքներով, որոնք այսօր էլ, փակ սահմանների պայմաններում, կայունորեն առկա են Հայաստանում՝ երրորդ երկրների, օրինակ` Վրաստանի և Իրանի, միջոցով կատարվող մատակարարումների շնորհիվ։ Անկասկած, վտանգի տակ կընկնի նաև Հայաստանի գյուղատնտեսությունը, քանի որ իր չափերով զգալիորեն զիջում է Թուրքիայի տնտեսության համապատասխան հատվածին։
Բացի այդ, զգալիորեն ավելանում են տեղի բնակչության մրցունակության պահանջները, ինչպես նաև հայկական հիմնական ակտիվները թուրք ներդրողների և խոշոր կապիտալի տիրող ձեռներեցների վերահսկողության տակ անցնելու ռիսկերը։ Եվ, վերջապես, սահմանի բացումը իսկական սթրես-թեստ կլինի մեր ինքնության համար, որն արդեն իսկ թուրքական ու արաբական մշակույթի, մասնավորապես` երաժշտության, մեծ ազդեցությունն է կրում: Հայոց լեզվի ու մշակույթի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներին կանդրադառնամ ավելի ուշ։
Խոսելով այն պայմանների մասին, որոնց վրա կկառուցվեն Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, հարկավոր է մի կողմ թողնել զգացմունքները՝ անկախ այն հանգամանքից, թե որքան մեծ է անցյալում մեր ապրած ողբերգության պատճառած ցավը, և որքան արդարացի է զայրույթը նրանց հանդեպ, ովքեր մեզ անդառնալի վնաս ու տառապանք են պատճառել, և առաջնորդվել ողջախոհությամբ, սթափ պրագմատիզմով ու սեփական շահերի հստակ ըմբռնմամբ։
Անհրաժեշտ է հաշվի առնել ի հայտ եկած բոլոր մարտահրավերները, նախապես մշակել երկու երկրների միջև ապրանքների փոխանակումն ու միգրացիան կանոնակարգող օրենքներն ու ընթացակարգերը, Հայաստանի տարածքում Թուրքիայի քաղաքացիների ժամանակավոր կամ մշտական բնակությունը, և հակառակը` սահմանել օտարերկրացիների բիզնեսի, գույքի, հարկման հետ կապված իրավական հարցերը, մտածել թուրքական նավահանգիստներ մուտքի պայմանների մասին և շատ ավելին։ Արժե առանձին հիշատակել Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում արցախահայության շահերի պաշտպանության ապահովման կարևորությունը։ Այդ ընթացքում ոչ մի դեպքում չպետք է զոհաբերել Հայաստանի շահերն Արցախում։
Այսօր մենք ունենք երկու ճանապարհ։ Առաջինը ոչինչ չանելն է՝ պասիվ կերպով սպասելով ու վախենալով թուրքերի Հայաստան գալուց։ Երկրորդն ակտիվ ու համակարգված գործելն է՝ սահմանի բացմանն առավելագույնս նախապատրաստվելու համար։ Ես և իմ գործընկերներն ու համախոհները ընտրում ենք երկրորդ ճանապարհը։ Այս ուղղությամբ մեր նախաձեռնություններից է լինելու 1 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամի ստեղծումը՝ պատմական Արևմտյան Հայաստանի տարածքների զարգացման համար ներդրումներ կատարելու նպատակով։ Ծայրահեղ կարևորության այդ գործն իրականում պահանջում է շատ ավելի մեծ գումար: Ընդ որում, դա պետք է անպայման մաս կազմի Հայաստանի, հայկական աշխարհի ու Արցախի ընդհանուր զարգացման լայնածավալ ու հավակնոտ ծրագրին, որը, ի թիվս այլ խնդիրների, կընդգրկի անվտանգության ժամանակակից համակարգի ստեղծումը և կպահանջի 15-20 մլրդ դոլարի չափով ներդրումներ առաջիկա 5-10 տարում։
Նշված հիմնադրամի ստեղծումն աշխարհընկալման ծրագիր է։ Այդ հողերը, որոնց մասին խոսում ենք, միլիոնավոր սփյուռքահայերի՝ Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանությունից խույս տվածների ժառանգների նախնիների հայրենի տունն են: Մենք չենք ցանկանում համակերպվել «ավերածի պղծությանը», ինչպես ասում է Մատթեոս առաքյալը, և կարևոր ենք համարում վերականգնել մեր ներկայությունը մեր պապերի ու նախապապերի հողում և վերակենդանացնել մեր մշակույթն ու ավանդույթներն այնտեղ։
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայկական աշխարհի զարգացման մասին է։ Պետք է հիշել ոչ միայն այն ժառանգության մասին, որը հազարամյակներով կուտակվել է Հայաստանում, այլև նրա մասին, թե ինչ է թողել հայությունն աշխարհով մեկ՝ Երուսաղեմում, Վենետիկում, Փարիզում, Վիեննայում, Թբիլիսիում, ինչպես նաև Սիրիայում, Լեհաստանում, Սինգապուրում և բազմաթիվ այլ վայրերում։
Մանրամասների մասին հիմա վաղ է խոսել։ Բայց պարզ է մի բան. անկախ այն բանից, թե սահմանները կբացվեն 5, 10, թե 15 տարի հետո, դրան պետք է նախապես պատրաստվել։ Հասկանում եմ, որ նման նախագիծը բոլորին չէ, որ կհետաքրքրի, բայց համոզված եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կգնահատեն դրա կարևորությունը, կմիավորվեն այդ գաղափարի շուրջ և պատրաստ կլինեն ավելի շատ գումար, ժամանակ և ջանք ծախսելու դրա իրականացման վրա։ Առաջին հերթին հարկավոր է, որ համաձայնության հանգենք այդ տարածքների զարգացման ընդհանուր տեսլականի շուրջ, կազմենք տվյալների բազա, թե ինչ է պետք վերականգնել, և ինչ տեսակի բիզնես պետք է զարգացնել այնտեղ, ձևավորել փորձագիտական խումբ. այլ կերպ ասած՝ հասկանանք, թե որտեղ ենք գտնվում հիմա մենք, ուր ենք ուզում հասնել, ինչ է մեզ պետք դրա համար, և անհրաժեշտ բաներից ինչն է, որ արդեն ունենք։
Ամփոփելով վերն ասվածը՝ նշեմ, որ անհրաժեշտ է մեր հարևանի ուժեղ և թույլ կողմերը ենթարկել խոր ու անաչառ վերլուծության և որդեգրել պետության կառավարման նրա արվեստը, որն է՝ ապահովել այդ ինստիտուտի արդյունավետ գործունեությունը՝ անկախ նրանից, թե ում ձեռքին է իշխանությունը:
Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր