Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավրորայի» համահիմնադիրները՝ «Ավրորայի» հերոսների եւ հայ-թուրքական նոր օրակարգի մասին

Ապրիլ 24,2022 20:41

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները:

Նրանք են՝ խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիր Ջամիլա Աֆղանին, Եգիպտոսից փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Մահինուր Էլ-Մասրին եւ Եմենից խաղաղության ակտիվիստ ու միջնորդ-բանակցող Հադի Ջումանը:

Հավելենք, որ եղել էր 633 առաջադրում՝ 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որը նրան հնարավորություն է ընձեռում շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժող հանձնաժողովի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021):

Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

«Ավրորայի» հերոսների անունների ազդարարումից հետո հիմնադիրները պատասխանեցին լրագրողների հարցերին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, մասնավորապես պատասխանելով 168.am-ի՝ հայ-թուրքական նոր օրակարգի վերաբերյալ հարցին, նշեց, որ հայ-թուրքական օրակարգին պետք է հաշվետվողականության տեսանկյունից մոտենալ ու հաշվի առնել 4 տարբեր հատվածների շահերը՝ մահացած նախնիների (ինչ կուզենային նրանք), նորածինների, որոնք կրելու են այսօրվա որոշումների հետեւանքները, Արցախի եւ Հայաստանի բնակչության, որոնք այսօր առնչվելու են խնդրին, եւ, բնականաբար, հայկական Սփյուռքի: Նրա խոսքով, որոշումներ կայացնելիս պետք է ինտեգրել նաեւ հայկական Սփյուռքին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մյուս համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձեւակերպմամբ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն առանց էության չի կարող պահպանել խաղաղությունը երկու երկրների միջեւ, ու որպեսզի այն գործի, պետք է ուժեղ պետություն լինել, իսկ մենք դեռ ուժեղ չենք: Նա նաեւ ընդգծեց, թե պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչ են ցանկանում բոլոր կողմերը՝ խաղաղության համաձայնագիր կնքելով, եւ մասնավորապես Հայաստանն ինչ է պատկերացնում դրա տակ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930