Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք Քաջարանում․ «Հիմա մենք պիտի պահենք հայի ինքնությունը»․ Գարիկ Ղազարյան

Ապրիլ 24,2022 20:17

Հայոց մեծ եղեռնի 107-րդ տարելիցին անմեղ զոհերի հիշատակը հարգեցին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։

Համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամներ, Եկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային կառույցի անդամները, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին։

Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցեց պատարագ։


«Պիտի հիշենք ու պահանջատեր լինենք։ Պիտի հիշենք այն մարդկանց, որոնք վերապրելով Մեծ Եղեռնը՝ անցան անասելի տառապանքների միջով, որոնց պարտադրվեց արտագաղթ, բայց իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու Հայաստանում եւ սփյուռքում ՝ վառ պահելով հայի ինքնությունն ու անունը: Հիմա մեր սերունդը պիտի պահի հայի ինքնությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց քաջարանցի գործարար Գարիկ Ղազարյանը։

Հրապարակվեց նաեւ Քաջարանի համայնքի ղեկավար՝ կալանքի մեջ գտնվող Մանվել Փարամազյանի ուղերձը։ «107 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով եւ մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Տեղի ունեցածն այն օրերին մեծ տերությունների կողմից որակվեց որպես մարդկության եւ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն։

Հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել եւ աշխարհին թույլ չենք տալու մոռանալ, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեց եւ մահվան դատապարտվեց արեւմտահայ մտավորականության սերուցքը, գլխատվեց ժողովրդի մտավոր, հոգեւոր եւ մշակութային վերնախավը:

Հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում ապրելու իրավունքից։ Նա ենթարկվեց զանգվածային կոտորածների եւ դուրս շպրտվեց իր հայրենիքից՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ նախադեպը չունեցող ծավալի կորուստներ: Մեկ դարից ավելի է անցել այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց եւ իրագործվեց սարսափելի ոճրագործություն, որին զոհ դարձավ 1.5 մլն հայ:

Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ իմ խորին հարգանքն եմ բերում հայ ժողովրդի անմեղ զոհերին՝ հայ ազգին մաղթելով խաղաղություն, միասնականություն եւ անկոտրում կամք»,-ասված է ուղերձում։

Մանրամասները՝ այստեղ

Լուսանկարները՝ Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930