Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չե՛ն կարող ոչնչանալ: Մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից…
Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորուստների ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ նաև Արցախում:
Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին` առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից Հայաստանում, Սփյուռքում և Արցախում…
Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել:
Ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում:
Կարդացեք նաև
Այսօր էլ իրադարձություններն Արցախում և մեր ողջ տարածաշրջանում վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
ՀՀ 4-ՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ