Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավելորդ բաների, միջազգային հանրության վրա ջանք չպետք է ծախսել, այլ՝ սեփական պետության ու բանակի վրա»․ Միքայել Սրբազան

Ապրիլ 24,2022 16:22

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Գյումրիում սկսվեցին Սուրբ Յոթ վերք եկեղեցում Եղեռնի զոհերի հիշատակին պատարագի մատուցմամբ, այնուհետ Գյումրու Բագրատունյանց պուրակում տեղադրված հուշարձանին ծաղիկներ խոնարհելով ու Ջարդի կամ Հերհերի ձորում հարգանքի տուրք մատուցելով։

Նշենք, որ հուզիչ պատկեր էր եկեղեցում․ պատարագին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներից, հավատացյալ  քաղաքացիներից բացի, մասնակցում էին մեծ թվով զինվորականներ։

Պատարագը մատուցվեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել Արքեպսիկոպոս Աջահապյանի ներկայությամբ, սակայն ոչ նրա կողմից։

Շիրակի հոգևոր առաջնորդը Բագրատունյաց պուրակում Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մանավանադ այսքանից հետո ավելորդ, սենտիմենտալ  բաների վրա ժամանակ չպետք է ծախսել, պետք է հզորանալ, հզորանալ, հզորանալ։

Միջազգային հանրության վրա, այս երկրի, այն երկրի վրա ոչ ջանք, ոչ եռանդ չպետք է ծախսել։ Սեփական երկրի վրա պետք է ծախսել, սեփական պետության վրա, սեփական բանակի վրա պետք է ծախսել, սեփական եկեղեցուն էլ ամենավերջին տեղում, բայց պետք է ծախսել։

Սեփական որ ասում եմ, ոչ թե անձնական սեփականության մասին եմ խոսում, այլ անանձնական սեփականության։ Իսկ այդ անանձնական սեփականության մաս է կազմում նաև Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Նախիջևանը, Կասպը, Վանը, Արդահանը, մինչև Այնթափ և մինչ Կիլիկիա։ Սա պիտի հասկանանք և այսպես գործենք։

Սա՛ է ապրիլյան նահատակաների կտակը մեզ, ոչ թե լավ ապրենք, բարգավաճ ապրենք, ունևոր լինենք, թողնենք էս հայրենիքը հեռանանք, հարուստ լինենք կամ դռները ծեծենք օտար պետություների, թե գիտեք ինչ՝ մեր Ցեղասպանությունը ճանաչեք։ Չեն ճանաչել 100 տարի, չեն էլ ճանաչելու, բայց մենք պիտի մեր հարցերը մեր ձեռքերով լուծենք, մեր խելքով պետք է լուծենք, մեր կամքով պետք է լուծենք։ Սա՛ է ապրիլյան նահատակների պատգամը։

Դարձեք կարող, 100 տարին բավական չէ՞ր դառնալու համար, մեզ քանի՞ տարի է պետք ազգ դառնալու, պետության դառանալու, հազարամյա՞կ է պետք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930