Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի՝ հայի նկատմամբ էթնիկ եւ կրոնական հիմքով ատելության քաղաքականությունը հովանավորվում է, իրականացվում է, նպատակը Արցախի հայաթափումն է»․ ՄԻՊ

Ապրիլ 24,2022 14:57

Եթե չկա հանցագործությունների դատապարտում եւ մեղավորների պատիժ, մենք չենք կարող խոսել արդյունավետ կանխարգելման մասին, խոսքը նաեւ Թուրքիայի շարունակվող ժխտողական քաղաքականության մասին է, որը խիստ դատապարտելի է, մարտահրավեր է ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման համար։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

Անդրադառնալով Արցախում ադրբեջանական սադրանքներին՝ Պաշտպանն ասաց, որ այսօր էլ Արցախում բնակչության ահաբեկման դրսեւորումները շարունակվում են․ «Ցավալի է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարը վերջերս Շուշիում տեղի ունեցած հավաքի ժամանակ, կոպիտ ասած, վկայություն է տվել առ այն, որ ատելությունը ադրբեջանական հասարակության մեջ ի դեմս հայի, ի դեմս հայ էթնիկության շարունակվում է: Նա իր խոսքում ասում էր՝ մեր սերունդները գիտեն մեր ատելի թշնամուն: Այստեղ խոսքը կոնկրետ թշնամանք հարուցելու մասին է»:

Թե ինչ արձագանք է ունենում ՄԻՊ ներկայացրած տեղեկատվությունը, նա ասաց, որ տեղեկատվության հետքերով առանձին խորհրդարանական հանդիպումներ են ունենում տարբեր գործընկերների հետ․«Փորձում ենք նրանց հասցնել հասունության այնպիսի նյութ, որը կձեւավորի միջազգային հանրության մեջ հստակ ընկալում, որ Արցախի հայության նկատմամբ էթնիկ եւ կրոնական ատելության հիմքով հետապնդումները շարունակվում են եւ գնալով ահագնանում են»։

Անդրադառնալով Սյունիք այցին՝ Գրիգորյանն ասաց, որ Սյունիքում մի շարք հանդիպումներ է ունեցել Գորիսում, Կապանում, սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքում․ «Կարող եմ ասել, որ խնդիրները բազմաթիվ են: Եթե փորձենք դրանք դասակարգել, առաջնայինը անվտանգային եւ ապահով միջավայր ունենալու, կյանքի իրավունքն իրացնելու խնդիրներն են: Սա շատ ավելի սուր է, երբ խոսում ենք սահմանամերձ համայնքներում մարդկանց բնականոն կյանքի մասին: Մյուս շերտի խնդիրները հիմնականում տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի պայմանների, ինտեգրման, աշխատանքի, կրթության իրավունքի, սեփականության իրավունքի վերականգնման հարցերն են, ու, բնականաբար, ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել այցելելու զորամասեր, բայց ռազմական հոսպիտալ եմ այցելել ու  պաշտպանին առընթեր խորհրդի նիստ ենք արել, որտեղ բարձրացրել ենք այն սիստեմիկ խախտումների խնդիրները, վտանգները, որոնք Պաշտպանը տարեկան եւ արտահերթ զեկույցներով բարձրացրել է: Պայմանավորվել ենք իրավասու մարմինների ու քաղհասարակության հետ, որ ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի աշխատանքները պետք է ակտիվացնել»։

Նախկին Պաշտպան Արման Թաթոյանի ներկայացրած արտահերթ զեկույցի մասին էլ Գրիգորյանն ասաց՝ այդ զեկույցը ուղղակիորեն փաստերի ներկայացում էր՝ նկարներով, տեսագրություններով, որոնք շոկային էին․ «Շոկային էին նաեւ առումով, որ  21-րդ դարում մարդկային միտքը դժվար է պատկերացնում, որ նման ծայրահեղ անմարդկային վերաբերմունք կարելի է դրսեւորել պատերազմի մասնակիցների, զինվորների, քաղաքացիական անձանց նկատմամբ: Այդ փաստերն արձանագրված են նաեւ գերությունից վերադարձած մեր տղաների  հետ Պաշտպանի հաստատության ունեցած առանձնազրույցների արդյունքներով:  ՄԻՊ-ն առանձին զեկույց է հրապարակել այս մասով: Մի քանի օր առաջ ԱԺ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում ներկայացրել եմ նաեւ այդ զեկույցի հետեւությունները: Եվս մեկ անգամ շեշտել եմ, որ ՄԻՊ-ի հավաքագրած տվյալները, նաեւ վերջին 2-3 ամիսներին փետրվարի վերջից սկսած Արցախի բնակչության նկատմամբ ճնշումներով, կրակոցներով, նաեւ ցավալիորեն, զոհերով, Փառուխի դեպքերով, սրանք ուղղակիորեն վկայում են, որ էթնիկ եւ կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունը ադրբեջանական  պետության կողմից հովանավորվում է, իրականացվում է եւ դրանց նպատակը ուղղակիորեն Արցախի հայաթափումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930