«Գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, խայտառակ եւ ռասիստական: Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»․ Թվիթերի իր միկրոբլոգում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի` Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջեւ հավաքված հայերին «գորշ քայլերի» ժեստը ցույց տալուն։
Մնացականյանը նաեւ գրել է․ «Անշուշտ, հարեւան ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է։ Դա ենթադրում է բարեխղճություն եւ կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը որպես բարեխղճության պայման չի որակվում։ Դադարեք ժխտել Հայոց ցեղասպանությունը»։
Մեկ այլ գրառմամբ էլ նա ընդգծել է․«Ի սեր Աստծո, դադարեցրեք Հայոց ցեղասպանությունը պատմաբաններին պատվիրակելը։ Նրանք անցած 107 տարիների ընթացքում բազմիցս կատարել են իրենց գործը։ Դեռեւս ձեր հերթն է՝ դրսեւորելու քաղաքական խիզախություն եւ ինքնագնահատական»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ