ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահին տեղեկատվություն չունի՝ արդյո՞ք ԱԱԾ-ն մասնակցելու է սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ իրականացնող հաձնաժողովի աշխատանքներին։
Հարցին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ասել է՝ եթե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նստացույց է անում, ուրեմն ազգային անվտանգության լուրջ խնդիր կա, եւ ԱԱԾ ներկայիս տնօրենը պետք է այցելի նրան, արդյո՞ք խնդիր տեսնում է, Հարությունյանը պատասխանեց․«Ոչ, չեմ տեսնում խնդիր»։
Մեկ այլ հարցի էլ՝ արդյո՞ք այսօր Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներ կան, նա պատասխանեց․ «Անվտանգությանը սպառնացող խնդիրներ միշտ կան, տարբեր»: Դիտարկմանը՝ մեզ խաղաղության դարաշրջան են խոստանում, նա այսպես արձագանքեց՝ խաղաղությունն առանց ուժի չի լինում, առանց սպառնալիքի չի լինում:
ԱԱԾ նախկին տնօրենը՝ քաղաքականության մեջ է․ այստեղ ռիսկեր չկա՞ն, քանի որ Վանեցյանը ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկություններ տնօրինող անձ է, այս հարցին ի պատասխան էլ Հարությունյանն ասաց․ «Չէ, ռիսկեր չեմ տեսնում այս պահին»։
Կարդացեք նաև
Հայ-թուրքական բանակցություններում հնարավոր վտանգավոր զարգացումների մասին հարցին էլ նա պաստասխանեց․ «Բանակցությունների փաստը վտանգավոր չի կարող լինել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ