«Պետք է թուրքական հասարակության, բոլորի հետ աշխատանքներ տանենք, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը, հետեւաբար, պետք է Թուրքիայի հետ աշխատանք տանել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, որն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նա ասաց, որ թուրք գիտնականներ, իրավապաշտպաններ, տարբեր հասարակական գործիչներ ու գրողներ ընդունել են Ցեղասպանությունը, անգամ ներողություն են խնդրել, մենք նման օրինակներ ունենք, նաեւ այստեղ են եկել, դա տեսել ենք․ «Հիմա մի փուլում ենք, որ պրոցես է ընթանում, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի՞ դա, թե՞ ոչ, դա կախված է նաեւ Թուրքիայի պետության անկեղծությունից, թե որքանով են նրանք անկեղծ այդ գործընթացի մեջ։ Այսինքն՝ գործընթացը զուտ որպես գործընթա՞ց են դիտարկում, թե՞ գործընթացը դիտարկում են իրավիճակ, որը արդյունք է տալու»։
Դիտարկմանը, որ Թուրքիան ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, Մարուքյանը պատասխանեց․«Մենք էլ ենք ուզում առանց նախապայմանների։ Դա միշտ է այդպես եղել, ՀՀ-ն միշտ է առաջ քաշել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանների հետ։ Այսօր որեւէ նախապայման չկա, պաշտոնական փաստաթղթով հայտարարվել է, որ խոսակցությունը շարունակվում է առանց նախապայմանի, եւ մենք շարունակում ենք այդ խոսակցությունը։ Եթե Թուրքիան անկեղծ է՝ հարաբերությունները հաստատվեն, սահմանները բացվեն, որից հետո մեր հասարակությունները կշարունակեն շփումները»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ