ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալի, որտեղ նա լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։
Լրագրողներից մեկի հարցին՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չեն ցանկանում Մինսկի խմբի ձեւաչափով համագործակցել ՌԴ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, արդյո՞ք այդ ֆորմատով կշարունակվեն բանակցությունները, դեսպանը պատասխանեց․«Այդ հայտարարությունը եղել է ՌԴ կառավարության կողմից, սա համակարգված համատեղ հայտարարություն չէ, եւ չի արտացոլում ԱՄՆ մոտեցումն այս հարցի շուրջ։ Ակնհայտ է, որ ՌԴ կողմից Ուկրաինայի նկատմամբ հարձակումը բարդացրել է Մինսկի խմբի գործունեությունը։ Մենք կարծում ենք, որ այդ համանախագահության ձեւաչափով հնարավորություններ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Իսկ անցյալ շաբաթ այստեղ էր գտնվում Կովկասյան բանակցությունների գծով պետքարտուղարության խորհրդատու Էնդրյու Շոֆերը եւ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը, արդյունավետ հանդիպումներ եւ քննարկումներ ունեցավ կառավարության ներկայացուցիչների հետ։ Մենք կշարունակենք երկկողմ ձեւաչափով եւ որպես Մինսկի խմբի համանախագահ հնարավոր ուղիները դիտարկել խնդրի լուծման խաղաղ կարգավորման ուղղությամբ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ