Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Կարդացեք նաև
Այնուհետև վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրությանը ներկայացված նյութերին:
Ցուցադրությանը ներկայացվում են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով:
Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեք տասնյակ բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր և այլ դպրոցական պարագաներ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ