Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,
Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին օսմանյան իշխանությունների ցեղասպան ծրագրին իրենց հայրենի բնակավայրերում և գաղթի ճանապարհներին՝ մարտիրոսությամբ վկայելով հավատարմությունը նախնյաց հավատին, դավանած արժեքներին և ազատ ու անկախ կյանքի տեսիլքին։
Եղեռնահար ու հայրենազրկված մեր ժողովուրդը, առ Աստված ապավինությամբ, կամք և ուժ գտավ՝ վերընձյուղելու իր անկախ պետականությունը պատմական հայրենիքի արևելյան փոքր հատվածում և շեն ու բարօր կյանք կերտելու իր զավակներին ապաստան տված աշխարհի տարբեր երկրներում։
Կարդացեք նաև
Ցեղասպանությունից մեկ դար անց՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնավորի՝ Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։
Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։ Այլև նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործություն տեղ չգտնի մարդկության կյանքում, և արդարություն իրականացվի ցեղասպանության զոհերի և ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ։
Պետական և ազգային-եկեղեցական կառույցների, ամենքիս հանձնառությունը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի՝ ի խնդիր ազգիս արժանապատիվ և լուսավոր կյանքի ու գալիքի։
Մեր աղոթքն է, որ հարուցյալ Տերը, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովություն ու բարօրություն՝ Հայաստան և Արցախ մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող Բարձրյալի ողորմությունը, օրհնությունն ու խնամքը հովանի լինեն ամենքիս, այսօր և միշտ. ամեն:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ