Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քո թուլությունը հենց առաջին ազդակն է, որ քո հանդեպ կոպիտ վարվեն, հենց այնպես՝ ինչը մենք անվանում ենք պատերազմ»․ «Առերեսում»

Ապրիլ 24,2022 00:05

«Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ 44-օրյա պատերազմի մասնակից գեղանկարիչ Արթուր Ավագյանը եւ քաղաքագետ Նվեր Կիրակոսյանը 5 օր շարունակ պայքարի ձեւն ընտրել էին հացադուլը՝ հայտարարելով, թե իրենց խնդիրն է հանրության գիտակցությանը հասցնելը, որ Արցախն իրոք վտանգված է: Ապրիլի 22-ին հայտարարեցին, որ այդ խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից։ Մինչդեռ ավելի վաղ մանրամասնել էին, որ այդ խնդիրը լուծված կհամարեն, երբ հավաքվի անկախության սերնդի այն կրիտիկական հատվածը, «որը կասի՝ ես տեր եմ ժառանգությանը, մտահոգ եմ ու պատրաստ եմ դրա համար անել գործողություններ՝ հրաժարվել միայն ստատուսներ գրելուց կամ անտարբեր մնալուց։ Երբ ունենանք այդ վիճակը՝ կփաստենք, որ հացադուլն իր խնդիրը լուծել է»։

Այս պնդումն արած Նվեր Կիրակոսյանը հաղորդման ընթացքում մանրամասնեց․ «Մենք դրան զուգահեռ անընդհատ շեշտում էինք, որ կրիտիկական զանգվածը թվով չափելը տեղին մոտեցում չէ, քանի որ կրիտիկական զանգվածը մարդկանց խումբ է, որը պատրաստ է գործողությունների։ Այսինքն՝ եթե այդ մասով իր պահանջը չի բավարարում՝ ինքը կատարում է իր գործողությունները։ Եվ այո, մենք 5 օրերի ընթացքում հազարավոր մարդկանց հետ շփվեցինք։ Մենք ասում էինք, որ մեր էներգիայի աղբյուրը հենց այդ մարդկանց հետ շփումներն են։ Մենք տեսանք մարդկանց աչքերում ամենակարեւորը՝ այն համոզմունքը, որ իրենք իրոք Արցախին եւ Արցախում ապրող ժողովրդին մենակ չեն թողելու»։

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, և Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը»։

Արթուր Ավագյանը հարցին, թե արդյոք կուզենա՞ր, որ ՀՀ կառավարությունը որդեգրեր նման «բաժակաճառեր»՝ հարցով պատասխանեց․ «Արցախի ազատագրումը բաժակաճա՞ռ էր։ Եթե այդպես նայենք՝ պետք է ասենք, որ Զեյթունի ապստամբությունը բաժակաճառ էր․․․ Այդպես չի լինում։ Կան հանգամանքներ, երբ բավարար չէ միայն, որ քո ռեսուրսը հաշվի առնես ու ասես՝ այ, իրենք շատ ավելի շատ ռեսուրս ունեն, հետեւաբար ես պետք է տեղի տամ»։

Եվ մեջբերեց հացադուլի օրերի ընթացքում մի իշխանամետ երիտասարդի հետ զրույցից հատված․ «Ինձ ասում էր՝ ռացիոնալ դաշտ եկեք, տղերք, քանի որ մենք ուժ չունենք, չենք կարող պաշտպանել Արցախը»։ Արթուր Ավագյանը պատասխանել էր՝ կենցաղային օրինակ բերելով․ «Պատկերացրու՝ ընկերուհուդ հետ կանգնած ես, մեկ էլ տաս մեքենայով գալիս են, մի տղա գալիս է՝ ընկերուհուդ ձեռքը բռնում, գնում։ Հիմա որ ռացիոնալ նայենք՝ պետք է ասես, հա, ես թույլ եմ, չեմ կարող պաշտպանել այդ աղջկան, հետեւաբար՝ թող տանի։ Բայց արդյոք պետք է այդտեղ հակառակ կերպ չմտածե՞լ, քանի որ եթե թողնես՝ գնա, փոխվելու է հոգեբանությունդ»։

Անդրադառնալով այն պնդմանը, թե խաղաղության դարաշրջանի հակառակորդները ժողովրդին տանում են նոր պատերազմի, որի ուժը հիմա չունենք՝ Նվեր Կիրակոսյանն ասաց․ «Դա մեծագույն մանիպուլյացիա է, որով սրում են առանց այն էլ հյուծված ու վախերի մեջ գտնվող հասարակության նույն վախերը։ Անընդհատ վախերի վրա, որպես արնահոսող տեղ՝ սեղմում են եւ ստանում այդ «էֆեկտը», որ ժողովուրդը չի արթնանում այս վիճակից»։ Մինչդեռ, ըստ նրա՝ «Քո թուլությունը հենց առաջին ազդակն է, որ քո հանդեպ կոպիտ վարվեն, հենց այնպես՝ ինչը մենք անվանում ենք պատերազմ»։

Ի դեպ, նա ուշագրավ մեկնաբանություն արեց, երբ մեջբերեցինք այն վերլուծությունները, թե մարդիկ այսօր դուրս չեն գալիս փողոց, որովհետև չեն հասկանում, թե իրենց ի´նչ է առաջարկվում, մարդիկ հրապարակում հավաքվում են՝ երկրի ճակատագրի վրա ազդելո´ւ համար, և ոչ՝ խրոխտ ելույթների։ «Հասկանալի պատճառներ կան, որ մարդիկ հյուծված են, ինչ որ տեղ՝ խաբված, հուսալքված․․․Բայց մեծ թվով մարդիկ դուրս չեն գալիս փողոց, որովհետեւ հավես չի։ Երբ որ հավես կլինի՝ դուրս կգան․ սա է ցավալին»։ Ըստ Նվեր Կիրակոսյանի՝ «Երիտասարդներին գաղափար պետք չէ, պետք չեն բովանդակային քննարկումներ։ Երիտասարդների մի մեծ թվի պետք է fun (զվարճանք.-խմբ)։ Այս ամենի արդյունքում կարող ենք սա փաստել․․․ Մարդիկ գաղափարի եւ ինքնապաշտպանության բնազդի թելադրանքով անգամ այս պահը չեն գիտակցում։ Իրենց ուղղակի պետք է տեխնոլոգիաներով հանել փողոց։ Եվ մենք դա տեսանք նաեւ 2018–ին՝ տեխնոլոգիաները հստակ աշխատեցին»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930