Բաքուն որոշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրատմամբ զբաղվող պատվիրակության կազմը և պատրաստ է բանակցությունների «Բաքու-Երևան» ձևաչափով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Միշելի նախաձեռնությամբ:
Ալիևն ընդգծել է, որ համաձայն Բրյուսելի հանդիպման արդյունքների՝ ադրբեջանական կողմը որոշել է սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ զբաղվող պատվիրակության կազմը և պատրաստ է բանակցությունների «Բաքու-Երևան» ձևաչափով:
Միաժամանակ, Ալիևը հերթական անգամ ընդգծել է, որ այդ բանակցությունները պետք է ընթանան իրենց առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա:
Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում սահմանազատման և սահմանագծման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման և տրանսպորտային հաղորդակցության կապերի բացման հարցերում աջակցության համար:
Կարդացեք նաև
Իր հերթին Միշելը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատելու գործում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ