Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրոք, չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել»․ Սերժ Սարգսյան

Ապրիլ 23,2022 20:35

«Ցավում եմ, որ 2018 թվականին հղածս մաղթանքն այսօր էլ ավելի արդիական է»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որով մեր երկրին մաղթում էր խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն:

Հիշեցմանը՝ 2018-ին իր հրաժարականի օրը ժողովուրդը ցնծություն էր ապրում և հարցին՝ այն ժամանակ ինքն ի՞նչ էր զգում և հիմա ինչ է զգում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Կցանկանայի, որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որպեսզի այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց, ցավոք, 2018-ին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով, իհարկե, ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018-ին այս օրը»։

Հարցին՝ չի՞ փոշմանել, որ 2018-ի մարտ-ապրիլին ուժ չի կիրառել ժողովրդի նկատմամբ և այս քայլին է գնացել, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Իրականության մեջ ես չեմ փոշմանել, բայց եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018-ի մարտ-ապրիլին այլ կերպ կգործեի։ Իրոք, չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել։ Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018-ի պահանջատեր ժողովուրդը նույն պահանջատիրությամբ հանդես գար»։

Հարցին՝ ի՞նչ է մտածում թուրքերի հետ եղբայրություն անելու մասին հայտարարությունների առիթով, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ես ինչ մտածում եմ, խոսում եմ դրա մասին։ Դուք մարդկանց բացատրեք՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Ես այդտեղ մտածելու ոչինչ չունեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930