Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրության մեջ կա գրեթե հարյուր տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»․ Արթուր Վանեցյան

Ապրիլ 23,2022 20:03

«Ցույցերը չեն ավարտվելու, ուղղակի պայքարը փոխում է իր տրամաբանությունը,- Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա և իր կողմնակիցներն այս պահին Ազատության հրապարակից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Արթուր Վանեցյանը մանրամասնեց․ «Այսօր կմասնակցենք Ջահերով երթին, կավարտենք բավականին ուշ, ապրիլի 24-ը կհայտարարենք լռության օր, ապրիլի 25-ի առավոտյան կլինենք Ազատության հրապարակում։ Բացի պասիվ իրազեկման ակցիաներից, կանցնենք ակտիվ փուլի և կիրականացնենք տարբեր ակցիաներ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Հայաստան» դաշինքի հետ լինելո՞ւ են համատեղ ակցիաներ, նա պատասխանեց․ «Ապակենտրոն պայքար է լինելու, լինելու է ցանցային պայքար, բայց դա չի նշանակում, որ մենք չենք սինքրոնիզացնելու մեր ակցիաները։ Սա դասական քաղաքական պայքար չէ, միայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում ընդգրկված կուսակցությունների պայքար չէ։ Մենք չենք եկել այստեղ կուսակցական դրոշներով ինչ-որ մի առաջնորդի շուրջ համախմբվելու, այլ եկել ենք պայքարելու հանուն Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի»։

Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ որևէ կերպ չի փորձել կուսակցական ռեսուրսն օգտագործել, որ մարդ բերի հրապարակ, բայց, ինչպես տեսնում եք, հիմա հազարավոր մարդիկ են միացել։ Ըստ Արթուր Վանեցյանի՝ այն նպատակը, որ իր առաջ դրել է, հարյուր տոկոսով կատարել է։

Դիտարկմանը՝ իշխանության թևի ներկայացուցիչները հաճախ են շահարկում այն հանգամանքը, որ նախկին նախագահներն են շարժմանը խառնված, Արթուր Վանեցյանն այս առիթով ասաց․ «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնում որևէ պաշտոնի, այլևս երբեք ՀՀ-ում որևէ պաշտոն չի զբաղեցնելու։ Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի պայքարում բացառապես իշխանության համար։ Նա վստահեցրեց՝ չկա քաղաքական, կուսակցական պայքար, այլ կա համազգային պայքար, որում չհաջողելու իրավունք չունենք»։

Դիտարկմանը՝ շարժումը փորձում են կապել ՌԴ-ի հետ, մանավանդ, որ մինչ այս շարժումը  Արթուր Վանեցյանը եղել է ՌԴ-ում, նա այսպես արձագանքեց․ «Մոսկվայում եղել եմ մասնավոր այցով իմ անձնական գործերով և ականատես եմ եղել ԱԺ-ում խայտառակ ելույթին, որն ինձ համար անընդունելի էր։ Դրանից հետո վերադարձել եմ ՀՀ, որոշել եմ դիմել այն քայլին, որին դիմել եմ։ Չկա որևէ ուղղորդվածություն։ Մեր երկրի, պետության շահերը պաշտպանելու համար որևէ ուղղորդվածություն պետք չէ»։

Դիտարկմանը՝ իշխանական թևը, Էդմոն Մարուքյանն անընդհատ խոսում են այն մասին, որ նման շարժումները վտանգում են Հայաստանն ու Արցախը, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Ինձ հարց մի տվեք ու մի փորձեք ինձնից մեկնաբանություն ստանալ մի մարդու մասին, որի վերջին շրջանի պահվածքն ուղղակի անհասկանալի է ինձ համար։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա ասեմ, որ վտանգավոր են իրենք, իրենք ապացուցում են, որ երեք-չորս տարում կայացած երկիրը քանդեցին։ Երրորդ հանրապետությունն ունեցել է շատ խնդիրներ, բայց ունեցել է անվտանգության համակարգ, պետություն, իսկ այսօր չունենք պետություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930