Սիրելի երիտասարդներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր այստեղ ենք՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար։
1999 թվականին ՀՅԴ երիտասարդներն առաջին անգամ Երևանի կենտրոնից Ջահերով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդ։ Ամեն հաջորդ տարի Ջահերով երթի մասնակիցների քանակը բազմապատկվեց։ Այսօր ահա այն վերածվել է համազգային միասնականության երթի։
Այս երթը վերաիմաստավորվել, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել հատկապես այժմ, երբ բեկումնային ժամանակ է, երբ գոյութենական վտանգների առջեւ ենք։
Կարդացեք նաև
Մենք արձանագրում ենք, որ «ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ» համահայկական կարգախոսը վերջին տարիներին ձևախեղվում է։ Փորձ է արվում մեր ժողովրդի արդար պայքարը սահամանափակել զուտ հիշողության ամորֆ ձեւակերպումով։
Այս իշխանությունը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների պաշտպանության սահմանադրական հանձնառությունից, Արցախից։ Հայրենիքի դարպասները ցանկանում է բացել թշնամու առաջ։
Փուչ ու դատարկ են սրանց հավաստիացումները լավ ապագայի, տնտեսական շահի, խաղաղության դարաշրջանի վերաբերյալ։ Թշնամին նույնն է, նույն նպատակներով։ Նույն թշնամական թուրք-ադրբեջանական տանդեմն էր, որ 2020-ին Արցախում փորձեց նոր Ցեղասպանություն իրականացնել։
Հիմա մեր երթով, այս միասնականությամբ փաստում ենք, որ չեն հաջողելու։ Չենք թույլ տալու, որ այս իշխանությունը, իր կործանարար քայլերով, քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, պետականությունը, Արցախը, հայոց Հիշողությունը։ Սա դիմադրության վճռական երթ է։
Այս հրապարկից, Երեւանի սրտից, մեր տասնյակ հազարավոր ջահակիրների, վճռական հայության անունից դիմում եմ միջազգային հանրությանը՝ սա է հայկական կամքը, հայ ժողովրդի դիրքորոշումը, եւ ոչ թե փակ դռների ետեւում, ցանկացած պետության մայրաքաղաքում, զիջումի պատրաստ Հայաստանի անունից հանդես եկողի լռությունն ու թուրքական պահանջների կատարման պատրաստակամությունը։
Այս հրապարկից դիմում եմ հայկական Սփյուռքում ապրող, հայկականությունը պահպանող, նախնյաց հիշատակն ու պատգամը վառ պահող մեր միլիոնավոր հայրենակիցներին։ Այս ջահերը, տասնյակ հազարավոր հայաստանցիների ներկայությունը փաստում են. մեր իրավունքների պաշտպանությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը դադար չի առնելու։
Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին։ Մեր վճռական ներկայությունը, զինվորագրումը գրավական ու ապացույցն է, որ դուք մենակ չեք։ Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Սա է հայության կարծիքն ու որոշումը, ոչ թե մի քանի իշխանավորների թուրքական թեզերով հայտարարությունները։ Մենք միասին ենք, մեկ բռունցք, մեկ ուժ։
Վերջապես դիմում եմ մեր ջահակիր երիտասարդությանը, որոնցից շատերը 2020-ին ջահի փոխարեն զենքն էին բռնել։ Դիմում եմ նրանց միացած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, մեր բոլոր քաղաքացիներին։ Զանգը հնչել է՝ սա նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի, նոր զարթոնքի զանգն է։ Մեզանից, մեր միասնությունից, վճռականությունից, մինչեւ վերջ գնալու մեր կամքից է կախված, թե հետագա սերունդներն ինչպես կարտահայտվեն 2020-ականներին ապրածներիս մասին։
Կլինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ, մեզ կհիշեն որպես պատմության անիվը շրջած հաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։ Եթե ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրա է լինելու։
Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։ Ոչ։
Ուրեմն ունենք մեկ ուղի՝ մեզ հետ պայքարի ենք հանում մեր հարեւանին, ընկերոջը, բարեկամին, համագյուղացուն։ Համահայաստանյան զորաշարժ ու դիմադրություն։ Վստահ եմ՝ այն բերելու է հաղթանակ։
Երեկ ես հայտարարել եմ՝ գնալու ենք մինչեւ վերջ։ Հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը։ Վերականգնելու ենք մեր արժանապատվությունը։
Հանուն սրբադասված մեր նահատակների։ Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթոնքի։
Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
Կը խնդրեմ առավոտը անպայման հրապարակէ գիշերուայ 10:29 ի դրությամբ մութին լուսանկարուած բարձր տեխնոլոկյա միջոցներով ի յայտ եկած անիմաստ թիւերը. անհամբեր եմ, իսկապես: