Իջևանում «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ջանքերով, Եվրամիության ֆինանսավորմամբ բացվեց «Ընտանիքի անկյուն»:
Այն նպատակ ունի բարձրացնել տղամարդկանց դերը, ներգրավվածությունը երեխայի խնամքի և ծնողավարման գործում, փոխել հանրային կարծրացած ընկալումները կանանց և տղամարդկանց դերերի մասին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր խոսքում նշեց. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում հայրիկների ներգրավվածությունը ընտանեկան հոգսերում և հայրության նկատմամբ ընդհանուր առմամբ վերաբերմունքը մի փոքր փոխվել, բայց նաև հարցվողների մեծ մասը խոստովանում են, որ իրենք դեռ երկրորդական դեր են կատարում մեր ընտանիքներում:
Կարդացեք նաև
Եվ հիմնական բեռը երեխաների՝ խնամքի, կրթության, առողջական հարցերի, ընկած են մայրիկների վրա: Մենք էլ ուզում ենք մայրիկների ներուժն էլ ամբողջովին օգտագործվի: Հայաստանում ունենալով քիչ բնակչություն՝ մեզ համար ճոխություն է չօգտագործել յուրաքանչյուրի ներուժը: Սա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի խորհուրդն է միշտ, ուղերձն է մեր պետությանը»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն էլ, իր ելույթում կարևորելով ընտանիքի դերը հայրենիքի կառուցման գործում, նշեց, որ սոցիալ-տնտեսապես կայուն պետություն ունենալու համար չենք կարող թույլ տալ, որ շատ գրագետ իրավաբան կամ հաշվապահ կինը զբաղվի միայն երեխայի խնամքով:
«Մենք որպես պետություն՝ ունենք առաջընթաց այն առումով, որ արդեն չենք վախենում բարձրաձայնել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին: Չենք վախենում բարձրաձայնել, որ, ցավոք, մեր ընտանիքներում ունենք ընտանեկան բռնություն, որի դեմ առաջին պայքարը պիտի մղի համայնքը, որովհետև բացարձակ ամոթալի չէ օգնության ձեռք մեկնել այն մարդուն, ով դրա կարիքն ունի», -ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ պետական, ՏԻՄ մարմիններում սկսել են բյուջեները կազմելիս հաշվի առնել գենդերային բաղադրիչը:
«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր խոսքում հավաստիացրեց, որ վերանորոգված, կահավորված, գեղեցիկ գույներով ընտանիքի անկյունն առավել շատ բովանդակություն է, քան ձև:
«Իջևանի ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը երրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Մեկ տարի առաջ նման անկյուն ստեղծվել է Գյումրիում, այնուհետ՝ Վանաձորում.
«Կենտրոնների երկու տարվա գործունեությունը և մեր փորձը ցույց է տվել, որ «Ընտանիքի անկյան» շահառուները՝ մասնավորապես տղամարդիկ, կենտրոն այցելելով, վերապատրաստումներին և հայրիկների դպրոցներին մասնակցելով, դարձել են ավելի հոգատար և ուշադիր իրենց երեխայի, կնոջ, ընտանիքի նկատմամբ: Սրանք փոքրիկ, բայց մեծ ուժ ու ազդեցություն ունեցող գործոններ են երջանիկ ընտանիքներ ունենալու համար: Առկա բացը լրացնել հնարավոր է կրթության միջոցով, ինչն էլ մենք փորձում ենք ապահովել կենտրոնների տրամադրած ծառայությունների շրջանակներում»,-ասաց Արթուր Նաջարյանը:
ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանն էլ հիշեց, թե ինչքան գորշ էր մարզպետարանի այն սենյակը, որը վերանորոգումից հետո վերածվել է տաք և ջերմ միջավայր ունեցող կենտրոնի:
«Այս սենյակն, ամիսներ առաջ մարզպետարանի վարչական շենքի ամենագորշ, տխուր սենյակներից մեկն էր, որը տարիներ շարունակ ծառայել է նաև որպես ընտրատարածքային հանձնաժողովի մի սենյակ»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան:
Նա նաև տեղեկացրեց, որ երկրորդ հարկում տեղակայված է մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժինը, և եթե սերտ համագործակցություն լինի, Իջևանում բռնության դեպքեր չեն լինի:
Պաշտոնական միջոցառումն ուղեկցվեց Իջևանի «Արևիկ» կենտրոնի սաների «Հայրիկները կարևոր են» խորագրով ցուցահանդեսով, ելույթ ունեցան նաև Իջևանի երաժշտական դպրոցի սաները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ