Այսօր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփվեց «Իմ հերոսը» թեմայով էսսեների և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի մրցույթների արդյունքները։
Էսսեների մրցույթին մասնակցում էին ինչպես դպրոցականներ, այնպես էլ ուսանողներ։ Էսսեների մրցույթում առաջին տեղը գրավել է Վովա Արզումանյանը` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, երկրորդ տեղը` Սառա Մարգարյանը` Մեսրոպ Մաշտոց համալսարանից, իսկ երրորդ տեղն Արինա Գրիգորյանը` Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ «ա» դասարանից։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում բուհի պրոռեկտոր, բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյանը նշեց, որ էսսեների մրցույթը նվիրված է 44-օրյա պատերազմում հերոսացած քաջորդիների վառ հիշատակին։ Իսկ ասմունքի մրցույթի մասին խոսելիս Ալիսա Բաղդասարյանը հայտնեց, որ մասնակցել են 19 աշակերտ, որոնք յուրովի են ներկայացրել Չարենցի բանաստեղծությունները։
«Ողջունելի է, որ երեք լեզուներով էլ Չարենցի ստեղծագործությունները մասնակիցները ներկայացրել են»,-հավելել է Ալիսա Բաղդասարյանը։
Ասմունքի մրցույթում առաջին տեղը գրավել է Արսեն Պետրոսյանը` Ստեփանակերտի թիվ 7 դպրոցից, երկրորդ տեղը` Մարիամ Տոնյանը և երրորդը` Սոֆի Հովսեփյանը` Ստեփանակերտի թիվ 8 դպրոցից։
Նշենք, որ մրցույթի հինգ մասնակից ռեկտորի կողմից արժանացել են հատուկ մրցանակի։
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ժյուրիի անդամ Զարինե Սառաջյանի խոսքով` յուրաքանչյուր սերունդ Չարենցի ստեղծագործությունները բացահայտում է նորովի, նոր լույսի ներքո` այնտեղ միշտ տեսնելով արդիական խնդիրներ և այդ խնդիրների լուծման լավագույն ուղիները չարենցյան մեկնաբանությամբ։
«Այսօր` այս ծանր ժամանակներում, շատ կարևոր է նման միջոցառումներ կազմակերպելը, և Չարենցին հղում անելը ևս ապրեցնող նշանակություն ունի։ Այս միջոցառումն էլ վկայում է, որ Արցախն ապրում է նաև Չարենցով ու նրա ստեղծագործություններով»,-նշել է Զարինե Սառաջյանը։