Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ». Թավշյա հեղափոխության մեծ «բանտիկով» ակտիվիստը հուսախաբ եղավ

Ապրիլ 23,2022 16:40

2018 թվականի «թավշյա հեղափոխության» օրերին Անի Հակոբջանյանը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր: Նա հիշվեց այդ պայքարում ոչ միայն իր ակտիվ մասնակցությամբ, այլեւ՝ յուրահատուկ ոճով. նա հեղափոխության հայտնի մեծ «բանտիկով» աղջիկն էր:

Aravot.am-ը Անի Հակոբջանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փոխվեց իր կյանքում հեղափոխությունից հետո ու արդյո՞ք իր սպասելիքներն արդարացան:

«Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ ինչ-որ քայլ էր, որ պետք է անեինք: Ուղղակի դրանից հետո պետք է ավելի ուշադիր լինեինք մեր բերած մարդկանց, այսինքն՝ եթե ինչ-որ մարդիկ մեր շնորհիվ եկել են իշխանության, պետք է ավելի ուշադիր լինեինք, որ այնպես կառավարեն, ինչպես այդ օրերին էին խոստանում»,-ասաց Անի Հակոբջանյանը:

Կոնկրետ կրթական ոլորտում փոփոխությունների ակնկալիք է Անի Հակոբջանյանն ունեցել, բայց հիմա՝ տարիներ անց, վստահեցնում է՝ ոչ մի փոփոխություն չի տեսել, միայն հուսախաբություն է ապրել. «Հենց անձամբ Արայիկ Հարությունյանն ասել էր՝ երբ գանք իշխանության, ոլորտում փոփոխություններ կլինեն, նաեւ իմ դեկանի հարցում, որովհետեւ որերորդ տարին անընդհատ վերընտրվում էր, ինքը լավ դեկան չէր ու շատ հին էր մեր ֆակուլտետի համար, նաեւ ցույցերի ժամանակ արգելում էր ուսանողներին մասնակցել: Արայիկ Հարությունյանը նաեւ խոստացել էր՝  կլինեն ընտրություններ, դեկանդ էլ չի վերընտրվի, նոր մասնագետներ կգան, բայց դրանից հետո էլի նույն դեկանը մնաց, նույն համալսարանը: Կրթական ոլորտում ոչ մի բան չփոխվեց, հուսախաբ եղա: Ես հեղափոխության օրերին ե՛ւ սովորում էի, ե՛ւ աշխատում, աշխատանքից դուրս եկա, որ պայքարին մասնակցեմ, բայց դրանից հետո ահավոր մեծ հիասթափություն մոտս կար, որ ինչ-որ բան պիտի փոխվի, ես դրա համար պայքարել էի, բայց ոչ մի բան չփոխվեց: Ես նաեւ հիասթափված համալսարանից դուրս եկա, որ ինքնակրթությամբ զբաղվեմ»:

Բացի կրթական ոլորտում խոստացված ու չիրագործված խոստումներից, մեր զրուցակցին հիասթափեցրել են նաեւ պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. «Պատերազմի օրերին շատ այնպիսի հայտարարություններ արեցին, որ չպետք է անեին: Մեկը, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ժողովրդին եթե ասեի, որ պետք է հողերը հանձնեինք, ինձ կասեին՝ հող հանձնող: Այդ արտահայտությունից հետո ուղղակի ատում եմ այս իշխանություններին: Փաստորեն՝ ինքը գիտեր պատերազմն ինչ վատ ավարտ է ունենալու, բայց չէր ասում, փոխարենը՝ պոպուլիստական հայտարարություններ:  Հենց այդ  պոպուլիստական հայտարարություններն ինձ շատ են հիասթափեցրել»:

Մեր հարցին՝ կմիանա՞ գործող իշխանությունների դեմ պայքարին ու ինչ կարծիք ունի Ազատության հրապարակում հավաքված  ցուցարարների պայքարի մասին. «Էլ ոչ մի քաղաքական պայքարի չեմ միանալու, եթե ինչ-որ պայքարների մասնակցեմ, կլինի միայն բնապահպանական պայքար՝ Ամուլսար կամ ինչ-որ գիտության պայքար, բայց ոչ երբեք քաղաքական պայքար: Որովհետեւ հասկացա, որ այստեղ բոլորն իրար արժանի են: Դեմ եմ՝ թե՛ հիմիկվա պայքարողներին, թե՛ հիմիկվա իշխանություններին, թե՛ ընդդիմադիրներին. բոլորին, ոչ մեկին չեմ վստահում: Այն մարդիկ, որոնք այսօր պայքարում են իշխանությունների դեմ, այն մարդիկ են, որոնց դեմ ես պայքարել եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930