Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Անգամ եկել են ՔՊ անդամներ, մեկն էլ եկավ՝ ժամը 5։43՝ դիմակով, հարցրի՝ դո՞ւ ստեղ ինչ գործ ունես, ասաց՝ զզվել եմ սրանցից»․ Արթուր Վանեցյան

Ապրիլ 23,2022 15:46

«Լուրջ մի ընդունեք այդ հայտարարությունները»,-լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունները, Ազատության հրապարակում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա հանդիպեց հացադուլը դադարեցրած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին, որոնց հետ խոսեց հետագա գործողությունների մասին։

Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով երկրում սկսված այն շարժումը, որն ասում է՝ մենք թույլ չենք տալու, որ Փաշինյանը գնա միակողմանի զիջումների, որ Արցախը հանձնվի թշնամուն, նա շատ լավ հոտառությունն ունի և գիտակցելով, որ չի կարողանալու այս ալիքի դեմն առնել, փորձում է որոշակի հայտարարություններով այդ ամենը կասեցնել։

Արթուր Վանեցյանը շարունակեց․ «Չի կարողանալու, որովհետև արդեն հանրությունը ճանաչում է նրան, և որևէ մեկը չի հավատում ու լուրջ չի ընդունում։ Ինքը բառացի ասաց, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնեմ, Արցախի հետ կապված, եթե լինի փաստաթուղթ ստորագրմանը մոտ, անպայման կլինի հանրային լայն դիսկուրս։ Էլի չլսեցինք, որ նա հստակ ձևակերպի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ ՀՀ տարածքներից, Ադրբեջանի և ՀՀ իշխանության կողմից հաճախ հայտարարվող Ադրբեջանի անկլավները, չեն հանձնվելու։ Այլ խոսեց ինչ-որ պայմանական բառակապակցություններով՝ մարդկանց շեղելու համար, ուրիշ նպատակ չկար»։

Հիշեցմանը՝ տեսանյութ է տարածվել, որ Արթուր Վանեցյանի օգնականը գումար է բաժանում, նա պատասխանեց․ «Ձմեռվա հագուստով, սիրահարների այգու շրջակայքում փող մուրացող մարդիկ են, եկել գումար են խնդրել, ինքն էլ տվել է։ Չգիտեմ, հիմարություն է, թող նայեն՝ որտեղ է, ինչ եղանակային պայմաններ»։

Հիշեցմանը՝ պատերազմից հետո իշխանափոխության պահանջով ընդդիմությունը կրկին դուրս եկավ փողոց, սակայն չհաջողեցին և հարցին՝ ի՞նչն է փոխվել, որքանո՞վ կհաջողեն հիմա, Արթուր Վանեցյանն ի պատասխան վստահեցրեց՝ մարդկանց մոտ փոխվել է գիտակցությունը․ «Գրեթե հարյուր տոկոս կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր օր իշխանության ղեկին մնալը կործանարար է ՀՀ-ի և Արցախի համար։ Կա մի խնդիր՝ քաղաքականապես այդ ամենը ձևակերպել, բայց դրա արդյունքին հասնելու համար էլ պետք է կարողանանք հանրությանը բացատրել, որ սա իշխանափոխության, անձերի կռիվ չէ, այլ գաղափարի՝ հանուն հայրենիքի»։

Արթուր Վանեցյանը հայտնեց՝ Ազատության հրապարակ են գալիս թե՛ Փաշինյանի իշխանության ժամանակ աշխատած բարձրաստիճան, միջին օղակի պաշտոնյաներ, թե՛ ՔՊ-ին նախկինում աջակցող քաղաքացիներ ու շարունակեց․ «Անգամ եկել են ՔՊ կուսակցության անդամներ, որոնք ասում են, որ սա կործանարար իշխանություն է, այլևս մենք չենք կարող իրենց հետ խոսել։ Այդ մարդիկ գիշերային ժամերին են գալիս, 5։43 մեկը եկավ՝ դիմակով, որ հետո ակնոցները շարժեց, տեսա՝ ով է։ Հարցրի դո՞ւ ստեղ ինչ գործ ունես, ասաց՝ զզվել եմ սրանցից։ Պետական պաշտոնյա չէ, ուղղակի հանրային դաշտում շատ ակտիվ աջակից է եղել այս իշխանություններին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930