Ազատության հրապարակում ապրիլի 22-ին համախմբմանը միացան զոհված զինծառայողների հարազատները։ Կարին Տոնոյանը նրանց դիմելով` ասաց.
«Մենք Արցախի մոտ 40 մետրանոց դրոշով կփակենք Ֆրանսիայի հրապարակը, կդադարեցվի երթևեկությունը։ Մեր տղաներն իրենց տուն դառնալուց ուշացան հավերժ, մարդիկ էլ հիմա թող ուշանան 30 րոպե՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, որպեսզի մեքենաներով երթևեկողների 10 տոկոսը հասկանա` մարդիկ կան, որ ամեն ինչ են տվել հանուն Արցախի և Հայաստանի։ Իրենց պարտքն է դուրս գալ և այդ պայքարը շարունակել, և ոչ մի գնով չի կարելի այդ տղաների պայքարը կիսատ թողնել, դա դավաճանություն է նրանց հանդեպ»։
Հանուն հայրենիքի զոհված տղաների հարազատները, միանալով Ազատության հրապարակում համախմբմանը, մոմերով, ՀՀ դրոշներով և Արցախի 40 մետրանոց դրոշով քայլեցին Ֆրանսիայի հրապարակ և 30 րոպե շրջափակեցին այն։
Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ճիշտ ժամանակին կարող էր որոշում կայացնել և կանխել այս աղետը. այս մասին ասաց Հովհաննես Ղազարյանն Ազատության հրապարակում։
«Նա ասում է՝ ինձ հիմա կմեղադրեն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեմ քննարկել մարդկանց հետ, բայց ժամանակը, հրատապությունը և այլն… ամեն տեղ խորամանկում է, քանի որ եթե հետ վերադառնաք ու լսեք իր ելույթները, ապա հասկանալի է՝ նա առնվազն հոկտեմբերի 14-ի ելույթում է ասում, թե ինչ ծանր է վիճակը: Ու այդքանից հետո ասում է, թե ժամանակ չուներ այդ հարցը քննարկեր»:
Ղազարյանի խոսքով՝ այսօր գերիների հարցն էլ ամբողջությամբ մոռացվել է, ինչպես նաև հավելեց, որ Ադրբեջանն այսօր էլ սպառնալիք է մեզ համար:
«Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է ունեցել Շառլ Միշելի հետ Արցախի թեմայով, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Հանդիպումից հետո Եվրոպական կողմի հայտարարության մեջ չկար Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։ Այսօր Արայիկ Հարությունյանը բանակցություններ է վարում ուղիղ ռուսների հետ, ինչը նշանակում, որ ՀՀ-ն այլևս գործոն չէ Արցախի հարցում։ Մենք գիտենք, թե Ադրբեջանն ինչ լուրջ սպառնալիք է մեզ համար»։
Ազատության հրապարակում իրենց խոսքն ասացին զոհված տղաների հարազատները
Արմեն Գևորգյանի հարազատ Մհեր Պողոսյանի խոսքն Ազատության հրապարակում.
«Արմենն 90-ականներին մեկնեց ռազմաճակատ, հայրենիքն իր տարերքն էր: Նա այդ ժամանակ հաղթական դրոշով հետ եկավ: Այս պատերազմից ևս անմասն չմնաց: Մենք պարտք ունենք նրանց տալու, մենք չենք թողելու Արցախը, ինչ-որ մի պատուհաս մեկ գրչի հարվածով այն չի տալու, Արցախը մերն է ու հավերժ է»:
Զոհվածի եղբայր եւ անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյան.
«Մենք պահանջատեր ենք մինչև վերջ, մինչև չստանանք մեր բոլոր պատասխանները: Ամեն մարդ Ազատության հրապարակ պետք է գա իր երեխայի հիշատակի համար: Այսօր Հայաստանում կա մի անկոտրում ուժ՝ զոհված տղաների ծնողներն ու հարազատները»:
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայր Լիդա Առուշանյանն իր ելույթում ասաց.
«Պետք է այս դեպքերից հետո սրիկային՝ որպես միջազգային հանցագործի, պատժել։ Նյուրնբերգյան դատավարություն պետք է ընթանա Նիկոլի և իր ոհմակի համար, և աշխարհը պիտի իմանա, որ սրանք հանցագործ են։ Մենք խեղճ չենք ու իրենց չենք ներում: ՔՊ-ական կանանց, որոնք մեզ վրա ծիծաղում են Եռաբլուրում, նույնպես դատ է հասնում։ Էս այլանդակը, որը պատերազմի օրերին բունկեր մտավ, պետք է դատվի։ Այո՛, Էդ անբարոյականն էլ»։
Արման Օհանջանյանի մայր Ելիզավետա Օհանջանյան.
«Դիմում եմ իմ նման որդեկորույս մայրերին, ինձ այստեղ որդուս արյան կանչն է բերել, ես եկել եմ ասեմ՝ նրանք գիտակցաբար գնացել են հայրենիք պահելու և մտածել, որ մյուսներն ապրեն ազատ ու խաղաղ երկնքի տակ, ոչ թե մաս-մաս թուրքը գա ու նստի:Կան մարդիկ ասում են՝ ոնց ենք ապրել թուրքերի հետ, հիմա էլ կապրենք…այո կան նման մարդիկ: Եթե դուք նրանց հետ կարող եք ապրել ապա ես ոնց ապրեմ: Եթե պետք է որդուս կորցնեի, ապա ինչու հողս էլ կորցրի»:
ՀՀ ազգային հերոս Վաչագան Մանուկյանի հայր Խաչիկ Մանուկյանի խոսքը.
«Ե՛վ մենք, եւ՛ մեր հայրենիքը դավաճանված ենք: Իշխանափոխություն լինում է այնտեղ, որտեղ կա իշխանություն, մենք չունենք իշխանություն, մենք ունենք իշխանություն բռնազավթածների, մարդիկ, ովքեր խաբեությամբ, հանրությանը հիպնոսացնելով են կարողացել գալ իշխանության: Իրենք խեղված հոգիներ ու մարմիններ են, նրանք ինչպես կարող էին քաջերի զորքին առաջնորդել: Նրանք չարքապատկան են, նրանք ինչպես կարող էին սեր բերել ձեզ»:
Հայկ Մելիքյանի մորաքույր Անահիտ Վանասյանը նախ նշեց՝ մենք այսօր այստեղ ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ այսօրվա իշխանությունների, որից հետո ընթերցեց քրոջ խոսքը հանրությանը:
5165 ՇԱՐԺՈՒՄ