ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի անդամները այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն, որը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։
Ռուսական կենտրոնում ներկայացված էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին Վանաձորի պատմությունն ու կատարեցին երաժշտական ու պարային համարներ։
ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Վանաձորում էր 34-րդ նիստի շրջանակներում։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը՝ Հայաստանի տարբեր մարզերում գործող ռուսական կենտրոններն ու ռուսերենի անվճար դասընթացների նախագիծը։
Կարդացեք նաև
«2019 թ․-ից մեր կենտրոնը 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիր է գործարկել Հայաստանի 28 քաղաքներում, ինչպես նաև նախատեսում է ռուսական կենտրոններ բացել բոլոր մարզերում։ Նախագիծն ուղղված է ռուսաց լեզվի առաջխաղացմանը, Հայաստանում ռուսական մշակույթի տարածմանը և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորեցին Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը՝ ռուսական կենտրոններին մաղթելով բեղմնավոր գործունեություն։
Պատվիրակության անդամները ռուսական կենտրոնին փոխանցեցին գեղարվեստական գրականություն և ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացի մասնակիցներին հանձնեցին ավարտական վկայականներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ