«Ի վերջո բոլորի նպատակը նույնն է՝ հեռացնել այս իշխանություններին, որ կարողանանք պահպանել մեր հայրենիքը»,- Ազատության հրապարակում, պատասխանելով հարցին՝ այն, որ տարբեր խմբեր պայքարի են դուրս եկել, չի՞ կոտրում միասնականությունը, այսպես պատասխանեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ այս պահին Արթուր Վանեցյանը և նրա կողմնակիցները շարունակում են նստացույցը։ Ազատության հրապարակում են նաև 5165 շարժման անդամներ, քաղաքացիներ, որոնք մտահոգված են ՀՀ-ի և Արցախի ճակատագրով։
Նա վստահեցրեց՝ սա ապակենտրոն պայքար է մեկ միասնական նպատակով ու շարունակեց․ «Այս ամենը պետք է դիտարկել մեկ միասնականության մեջ, քանի որ նպատակը նույնն է։ Մենք մասին պիտի լուծենք այս խնդիրը»։ Դիտարկմանը՝ քաղաքացիներից շատերը մտահոգված են՝ իսկ եթե չստացվի՞, Արսեն Բաբայանն արձագանքեց․ «Եթե չգան, հաստատ չի ստացվի, ես վստահ եմ՝ հարյուր տոկոսով՝ ստացվելու է։ Եթե գան, հնարավոր է՝ ստացվի»։ Հարցին՝ հետագայում հավաքները Հանրապետության հրապարակո՞ւմ են լինելու, Արսեն Բաբայանը պատասխանեց՝ հետագայի մասին՝ հետագայում։
Կարդացեք նաև
Ազատության հրապարակում քաղաքացիներից շատերը տագնապած էին՝ կորցնում ենք ՀՀ-ն ու Արցախը։ Նրանցից մեկն ասաց․ «Ես աքսիոմատիկ ճշմարտություն գիտեմ․ առանց Արցախի ՀՀ չկա, առանց ՀՀ-ի Արցախ չկա։ Ուզում եմ՝ բոլորը ոտքի կանգնեն, որ հանկարծ Արցախը չհայտնվի Ադրբեջանի կազմում»։
Ցույցի մասնակիցներից մեկն էլ նշեց․ «Չորս տարի առաջ մեր երկիրը կանգնեց մեծ խնդրի առաջ, երբ հայրենիքի կորստի սկիզբը դրվեց։ Անգիտակից կամ գիտակցի ժողովրդի ընտրությամբ այսպիսի խնդրի առաջ կանգնեցինք։ Այսօր մենք գրեթե կանգնած ենք հայրենիքի կորստի առաջ։ Մենք Արցախ, Հայաստան ենք կորցնում, թշնամին մեր սահմանների ներսում է։ Այսօր այստեղ լինելու, պայքարելու նպատակը ոչ թե անձերի համար է, այլ հայրենիքի փրկության»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ