Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանի դեռ մարդկության դեմ կատարված հանցագործությունները գնահատականի չեն արժանացել, դրանք կշարունակվեն՝ արմատախիլ չարվելով․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 23,2022 12:10

Հայ ժողովուրդը 107-րդ անգամ շրջում է իր պատմության ամենաողբերգական եւ մարդկության սերունդներին դաս տվող էջը: Ապրիլի 24-ը ողջ աշխարհի հայության համար խորհրդանշում է իր հազարամյա տարածքում, պապերի բնօրրանում ապրելու իրավունքը: Հայոց ցեղասպանությունը միայն 1915 թվականը չէ, այլ դրան նախորդող դարերը եւ, ինչպես փաստում են իրադարձությունները, նաեւ դրան հաջորդած հարյուրամյակն է: Յաթաղանի զոհ դարձած 1.5 միլիոն մայր ու մանուկը, ջահելն ու ալեհերը, կինն ու տղամարդը լուռ վկան են Թուրքիայի դարերով շարունակվող այն ցեղասպան քաղաքականության, որի հետեւանքով տասնյակ անգամ փոքրացվեցին պատմական Հայաստանում հայերով բնակեցված տարածքները, տասնյակ միլիոններով պակասեց հայի ներկայությունն իր տանը:

Հայոց մեծ եղեռնից 105 տարի անց օսմանյան Թուրքիայի իրավահաջորդները, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկչական ուժերի հետ միասին, հերթական հանցագործ ոճիրն իրականացրեցին հայ ժողովրդի հանդեպ՝ սպանելով 4000-ից ավելի հայի եւ կրկին նրան զրկելով իր պատմական բնօրրանի հերթական տարածքում ապրելու իրավունքից:

Քաղաքակիրթ աշխարհի լռությունն արդեն 21-րդ դարում բերեց Թուրքիայի հերթական ցեղասպան քայլին: 2020 թ. սեպտեմբերի 27-ը փաստեց, որ Թուրքիան մնացել է նույն 1915-ի բարբարոսի արժեհամակարգի կրողի մակարդակին, որ նրա նպատակներն ամենեւին չեն փոխվել. ինչպես 100 կամ 500 տարի առաջ էր զավթում բնիկ ժողովուրդների տարածքները՝ սպանելով եւ արտաքսելով նրանց իրենց տներից:

2020 թ. եկավ հաստատելու ապրիլի 24-ի խորհրդի օրախնդիր լինելը եւ հայ ժողովրդին ու քաղաքակիրթ աշխարհին մղեց մարդկության դեմ կատարվող ամենամեծ հանցագործության՝ ցեղասպանության դեմ վճռական պայքարի փուլին: 44-օրյա պատերազմը փաստեց, որ քանի դեռ մարդկության դեմ կատարած հանցագործություններն անհրաժեշտ գնահատականի չեն արժանացել, իսկ մեղավորները չեն պատժվել, դրանք կշարունակվեն՝ արմատախիլ չարվելով:

Իսկ 2020 թ. պատերազմը հայերի եւ նրա բարեկամների համար նոր արահետ բացեց դեպի Ծիծեռնակաբերդ, եւ հայ ժողովուրդը պարտավորված է իր նոր ու հին անմեղ զոհերի խաչը տանել իր ուսերին, ինչպես դա անում է ողջ մարդկության համար՝ արդեն 1500 տարուց ավելի:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930