Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. Թշնամիները չեն փոխվել, թշնամական ծրագիրը՝ ևս. «Փաստ»

Ապրիլ 23,2022 11:40

Այսօր ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է ավանդական համազգային ջահերով երթը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ այն Դաշնակցության երիտասարդական միության կողմից կազմակերպվում է արդեն 23 տարի: Նա ծիծաղելի է համարում վերջին մի քանի օրերին իշխանական շրջանակների այն դիտարկումները, թե երթը այսուհետ քաղաքականացված է:

«Հասկանալի է, թե ինչ են փորձում ասել: Իրականում բազմիցս, նաև այս տարի, որպես կազմակերպիչներ, փաստում ենք, որ սա միասնականության, ազգային միասնության երթ է: Խոսքը մի թեմայի մասին է, որի շահառուները մենք բոլորս ենք: Բոլորի նախնիներին էլ առնչվել է Հայոց ցեղասպանությունը: Հիմա իշխող ուժը փորձում է ամենատարբեր մանիպուլյացիաներն օգտագործել՝ ասելով, թե երթը քաղաքական է, կուսակցական է: Եթե այդպես նայենք, այո՛, սա ամենաքաղաքական թեման է այն իմաստով, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է քաղաքական որոշման արդյունքում: Այն ժխտելը ևս քաղաքական որոշման հետևանք է: Բայց այստեղ կրկին հարկ է նշել թեմայի վերկուսակցական լինելու մասին. Հայոց ցեղասպանության թեման որևէ ուժի սեփական թեման չէ: Եվ, ընդհանրապես, ծիծաղելի են այն մեթոդները, որոնցով իշխանությունը փորձում է այնպես անել, որ ապրիլի 23-ին քիչ մարդ լինի»:

Անդրադառնալով արդեն բուն երթին ու խորհրդին հատկապես այս փուլում՝ նա հավելեց. «Ցեղասպանության համատեքստում մեր հետ կատարվածը հիշելու, արդար հատուցում պահանջելու խորհուրդն ունի ջահերով երթը: Այդ խորհուրդը չի փոխվել: Ի տարբերություն ապրիլի 24-ի, ապրիլի 23-ի երթը բացառապես պահանջատիրական է, այնտեղ կա պայքար: Ջահը, որը երիտասարդները տանում են Ծիծեռնակաբերդ, հենց այդ պայքարն է խորհրդանշում: Այս տարի հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում մասնակցությունը ջահերով երթին էլ ավելի է կարևորվում, որովհետև 2020 թվականի պատերազմից ի վեր կատարվողը Հայոց ցեղասպանական նույն ծրագրի իրականացման հերթական փորձերի տրամաբանության մեջ է: Թշնամիները չեն փոխվել, թշնամական ծրագիրը՝ ևս: Մինչդեռ տպավորություն է, թե մենք, կարծես, չենք հասկացել՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ 107 տարի առաջ, և որ հիմա այդ ծրագիրը շարունակվում է»:

Շեշտելով նաև այսօր առկա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կոչված գործընթացների, դրանց շուրջ քննարկումների մասին՝ նա հավելեց. «Հայաստանը ներկայացնողներն ասում են, որ իրենց համար թշնամու կողմից ներկայացված նախապայմաններում որևէ խնդիր չկա: Այս իմաստով ևս բոլորիս պարտականությունն է մասնակցել երթին՝ ասելու, որ մենք համաձայն չենք այդպես անզեն, բաց ձեռքերով ու գլուխներս կախ հանձնվել Թուրքիայի ու Ադրբեջանի «գթասրտությանը»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930