Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ․ Ոստիկանության պարզաբանումների մեջ մենք չենք գտել խնդրահարույց որեւէ բան․ «Հրապարակ»

Ապրիլ 23,2022 11:10

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ՄԻՊ գործառույթների շրջանակում իրենց դիտարկման տիրույթում չե՞ն գտնվում, արդյոք, Ազատության հրապարակում նստացույց անող քաղաքական գործիչներն ու հացադուլ անող պատերազմի մասնակից տղաները, ի՞նչ կարող է ասել այդ կապակցությամբ։

«Այո, վստահաբար, մենք առաջին իսկ օրվանից՝ կիրակի օրվա երկրորդ կեսից սկսած, երբ սկսվել էր նստացույցը քաղաքական գործչի (Արթուր Վանեցյանին նկատի ունի՝ խմբ․), ու դրանով պայմանավորված հավաք էր մարդկանց, ու նաեւ ունեցանք հինգ անձի բերման ենթարկելու դեպք, այդ պահից սկսած՝ մենք մոնիտորինգ ենք անում, մինչեւ այս պահն էլ, հենց այդ երեկոյան կապի մեջ ենք եղել ոստիկանության հետ, պարզաբանումներ ենք ստացել, հետո տեղեկացել ենք, որ անձինք ազատ են արձակվել»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը։

– Երբ առաջին օրը բերման էին ենթարկվել հինգ անձինք, ու դուք պարզաբանում եք պահանջել ոստիկանությունից, բավարարե՞լ են ոստիկանության պարզաբանումները, եւ նրանց գործողություններում ՄԻՊ-ը որեւէ խախտում չի՞ նկատել։

– Նախ նշեմ, որ մենք մեր նախաձեռնությամբ էինք հետաքրքրվել ոստիկանությունից, թե ինչ ընթացակարգով եւ ինչ խախտման հիման վրա են բերման ենթարկվել անձինք։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի հետ ենք կապի մեջ եղել, նրանց կողմից ներկայացվել են պարզաբանումներ, որոնց մեջ մենք չենք գտել խնդրահարույց որեւէ բան, հետո նաեւ իմացել ենք, որ սահմանված ժամկետում անձինք ազատ են արձակվել, եւ պահանջներ չեն ներկայացվել։ Ըստ էության՝ սա է եղել եղելությունը։

– Հավաքի մասնակիցները պնդում են, որ ապօրինի է եղել իրենց բերման ենթարկելը, իրենք խաղաղ հավաք են իրականացնելիս եղել, ոստիկանությունը եկել-տարել է իրենց։

– Գիտե՞ք, տպավորությունների վրա հետեւություններ, ընդհանրական հայտարարություններ անելը, կարծում եմ՝ կհամաձայնեք, շատ տարածված է։

– Ոստիկանությունն ինչպե՞ս է հիմնավորել իր կողմից բերման ենթարկելու գործողությունը։

– Ոստիկանության կողմից հիմնավորվել է իրենց կողմից հավաքի մասնակիցներին ներկայացված օրինական պահանջի չկատարումը, օրինական պահանջը վերաբերել է տվյալ տարածքում, տվյալ իրավիճակում, ըստ ոստիկանության, հասարակական կարգն ու հավաքի մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունն ապահովելու մասով, ըստ այդմ՝ եղել են բերման ենթարկվողներ։

– Այս պահին որեւէ խնդրահարույց բան չե՞ք տեսնում հավաքի մասնակիցների կամ ոստիկանության գործողություններում։

– Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք մեր մոնիտորինգի գործողությունը։ Այս պահին որեւէ խախտման արձանագրման հետ կապված խնդիր չեմ տեսնում, անձինք ունեն իրենց հնարավորությունը՝ իրենց  քաղաքական հայացքներն արտահայտելու եւ հավաքների ազատության իրավունքն իրացնելու, եւ մենք էլ շարունակելու ենք հետեւել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930