Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. Յուրաքանչյուր զիջումից հետո առաջանալու է հաջորդ պահանջը, որը հստակ սահմանվում է Բաքվից․ «Փաստ»

Ապրիլ 23,2022 10:50

Ակնհայտ է, որ փորձ է կատարվում մեր հասարակության գիտակցության մեջ ներդնել թշնամական քարոզի այն տարրը, որը ենթադրում է, թե Արցախը կարող է գտնվել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում: Իրականում սա դեպի արցախահայության ցեղասպանություն տանող ուղղակի ճանապարհ է:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններին, դրանցից բխող սպառնալիքներին: «Դեպի արցախահայության ցեղասպանության ճանապարհ ասելով՝ ես ամենևին խիստ եզրույթ չեմ օգտագործում. սա իրականություն է: Իրավիճակը վերլուծենք այս պահի դրությամբ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած՝ Արցախից բռնազավթված հատվածներում անգամ մեկ հայ չի կարողանում ապրել: Մենք տեսել ենք, թե Հադրութի բռնազավթման ժամանակ իրենց տանը մնացած տարեց մարդիկ ինչպես էին գլխատվել ադրբեջանական բաշիբոզուկների կողմից՝ ահաբեկիչների մեթոդաբանությամբ: Հետևաբար, խոսել այն մասին, թե արցախահայության և Արցախի բնակչության համար, այսպես ասած, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ներսում հայ ազգաբնակչությունը կկարողանա ապրել կամ շարունակել ապրել, պատրանք է: Դա արցախահայության ոչնչացման ճանապարհ է, որը բնականաբար, բացառապես Ադրբեջանին է ձեռնտու»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վարդան Ոսկանյանի խոսքով, մենք պետք է նաև հասկանանք Ադրբեջան կոչվող այդ արհեստածին կազմավորման և հատկապես ներկայիս Բաքվի բռնապետական վարչախմբի չակերտավոր տրամաբանությունը, որը վերաբերում է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններին. «Որոշակի էյֆորիկ տրամադրություններ ունենալով, հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքները՝ իրականում Բաքվի բռնապետը նաև կարծում է, որ հիմա ժամանակն է մեր հայրենիքից՝ Հայաստանից ու Արցախից ստանալ նույնիսկ իր պատկերացրած առավելագույնից ավելին: Խոսքը Արցախի ամբողջական կլանմանն ու Հայաստանի Հանրապետությունից զանազան տարածքային զիջումների կորզման նպատակի մասին է: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր զիջում ստանալուց հետո գալու է հաջորդ պահանջը: Այսինքն, այդ չակերտավոր զիջումները տարածաշրջանում խաղաղության հաստատման չեն բերելու: Յուրաքանչյուր զիջումից հետո առաջանալու է հաջորդ պահանջը, որն, ի դեպ, հստակ սահմանվում է Բաքվից: Խոսվում էր նախ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հետո Բաքվի բռնապետը սկսեց խոսել այն մասին, թե Սյունիքը՝ իրենց եզրաբանությամբ «Արևմտյան Զանգեզուրը», ամբողջությամբ իրենց պատմական հայրենիքն է»,-ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ նման հռետորաբանությունն իր բացատրությունն ունի:

Անդրադառնալով Ազատության հրապարակում այս օրերին ծավալվող քննարկումներին, որին մասնակից է նաև իրանագետը, նա ընդգծեց հիմնական շեշտադրումների մասին: «Մենք պետք է շատ հստակ աշխատենք մեր հասարակության հետ՝ հասանելի դարձնելու մեր ազգին այն խնդիրները, որոնք առկա են այժմ Հայաստանում: Այդ խնդիրների մի խոշոր հատված մանիպուլյացիոն մեխանիզմներով, ըստ էության, մեր հասարակությունից կա՛մ թաքցվում է, կա՛մ նրան մատուցվում բոլորովին այլ լույսի տակ: Պատրանքներ են ստեղծվում այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը բոլոր խնդիրների լուծման համադարման է: Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի հետ սահմանը հայկական կողմից չէ, որ փակվել է: Այն փակել է Թուրքիան: Ակնհայտ է, որ թուրքական և ադրբեջանական պետությունների ծրագիրը չի ենթադրում հզոր Հայաստանի գոյություն, հետևաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կամ Ադրբեջանի հետ իբր խաղաղության դարաշրջանի բացումը չի կարող միտված լինել Հայաստանի հզորացմանը: Պատճառը պարզ է՝ այդ երկու պետությունները որևէ պարագայում չեն ուզենա, որ ՀՀ-ն հզորանա: Դա բոլորովին հակառակ գործընթացի է բերելու: Մյուս կողմից՝ չափազանց կարևոր են Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք կենսական նշանակություն ունեն: Առանց չափազանցության պետք է նշել հետևյալը. այն, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը չհամարձակվեց ներխուժում իրականացնել Սյունիքի տարածք ու ուժի մեխանիզմներով ձեռք գցել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը, մեծ մասով պայմանավորված էր ռուսական ռազմական ներկայությամբ և իրանական զորաշարժերով, որոնք տեղի ունեցան հենց Հայաստանի սահմանների անմիջական մերձակայքում: Բացի այդ, իրանցիները գրեթե բոլոր մակարդակներում ուղղակիորեն հայտարարեցին իրենց կարմիր գծերի մասին»,- շեշտեց իրանագետը՝ ընդգծելով, որ, ըստ այդմ, մեր հասարակությունը պետք է հասկանա, թե այս տարածաշրջանում ովքեր են մեր բարեկամները:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930