Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարեկան որոշմանը հղում անելով՝ գոնե իրավական տեսանկյունից արգելել իշխանություններին Արցախը զիջել Ադրբեջանին․ «Ազգ»

Ապրիլ 23,2022 10:20

Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ոչ մի իշխանություն, ՀՀ ոչ մի գումարման Ազգային ժողով չի կարող այդպիսի փաստաթղթի տակ ստորագրել, որովհետեւ դրա իրավունքը օրենսդրորեն չունի։

Մեջբերենք Որոշումը.

«1992 թվականի հուլիս 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել է.

1. Հետեւողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ նրա իրավունքների պաշտպանությանը։

2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասախան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանությունը ապահովելու ուղղությամբ»։

1992 թվականին Ռամկավար Ազատական կուսակցությունը Հայաստանի Գերագույն խորհրդի խմբակցություններից մեկն էր՝ երկրորդը ՀՀՇ-ից հետո։ Ռուբեն Միրզախանյանը Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետն էր եւ անմիջական, առանցքային մասնակցություն է ունեցել մինչ հուլիսի 8-ի Որոշման ընդունումը եւ դրանից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։

Նա պատմում է. «ֆրանսահայ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որն այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունից լիազորություններ ուներ, եվրոպական կառույցներից մեկում հայտարարություն էր արել, թե չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկվի որպես Ադրբեջանի մաս։ Հայտարարությունը, իհարկե, լուրջ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի մեջ։

Գերագույն խորհուրդը վրդովված էր։ ՌԱԿ-ի մի խումբ պատգամավորներ, ինչպես նաեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչներ եկան «Ազգ» օրաթերթի խմբագրություն, որն այն նույն Մելիք-Ադամյան փողոցում էր, որտեղ նաեւ Գերագույն խորհուրդն էր գտնվում։ Քաղաքական ուժերը քննարկել են իրավիճակը՝ հնչեցնելով նաեւ հեղափոխական հայտարարություններ՝ փողոց դուրս գալ, ցույցեր անել եւ այլն։ Քննարկումներին մասնակցում էր նաեւ «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Բոլորիս վրդովմունքը շատ մեծ էր։ Ես առաջարկեցի՝ Հայաստանի պաշտոնական անձանց կողմից որեւէ փաստաթղթի ստորագրում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը կդիտարկվի Ադրբեջանի մաս, պետք է բացառել։ Իմ առաջարկը ներառվեց Որոշման մեջ՝ որպես 2-րդ կետ»։

30 տարեկան այդ Որոշմանը հղում անելու, այդ Որոշման մասին հիշեցնելու անհրաժեշտություն մինչեւ հիմա երբեք չի եղել, որովհետեւ Հայաստանի ոչ մի իշխանություն չի պատրաստվել Արցախը հանձնել Ադրբեջանին։ Հիմա ընդդիմադիր բոլոր գործիչներն իշխող քաղաքական ուժի հակաարցախյան քայլերը կանխելու համար մատնանշում են այս Որոշումը եւ փորձում գոնե իրավական տեսանկյունից արգելել իշխանություններին Արցախը զիջել Ադրբեջանին։

ՆԱԻՐ ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930