Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ «ծանր ժառանգության» մասին

Ապրիլ 23,2022 10:00

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Էդմոն Մարուքյանը գտնում է, որ իր ներկայիս ղեկավար Փաշինյանը նախկիններից ծանր բանակցային ժառանգություն է ստացել եւ, հետեւաբար, վարչապետին այլեւս ոչ մի բան չէր մնում, քան պատերազմի մեջ մտնելը, պատերազմում պարտվելը եւ այժմ պարտվածի դիրքերից բանակցություններ վարելը:

Դա, մեղմ ասած, այդպես չէ, ինչի մասին մի քանի անգամ արդեն առիթ եմ ունեցել գրելու. մասնավորապես 2019 թվականի հունիսին Փաշինյանը հնարավորություն ուներ ընդունելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, որը բոլոր առումներով ապահովում էր անհամեմատ ավելի բարվոք վիճակ, քան մենք հիմա ունենք՝ ռազմական պարտության պտուղները «վայելելիս»: Դեսպանն անգամ դեմ է «պարտություն» բառն արտասանելուն՝ կարծես թե Արցախի 70 տոկոսը կորցնելը կարելի է այլ կերպ անվանել: (Դա մի քիչ հիշեցնում է Ռուսաստանի իշխանությունների՝ «պատերազմ» բառն օգտագործելու արգելքը):

Մի խոսքով, Մարուքյանը կրկնում է ՔՊ-ի քարոզչական թեզերը՝ չնայած նրա կուսակցությունն այլ անվանում ունի: Նման դեպքեր արդեն պատահել են Երրորդ հանրապետության պատմության մեջ: Հիշեցնեմ, օրինակ, որ Արտաշես Գեղամյանը եւ Խոսրով Հարությունյանը ձեւականորեն ներկայացնում էին համապատասխանաբար Ազգային Միաբանությունը եւ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, բայց ուղնուծուծով ՀՀԿ-ական էին: Երբ լրագրողը «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ նա խորհրդարանական ամբիոնից ներկա իշխանությանը կոչ էր անում ամեն ինչ չբարդել նախկինների վրա եւ կրել պատասխանատվության իրենց բաժինը, Մարուքյանն, ի պատասխան, հիշեցրել էր, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է դիզելային վառելիքի հափշտակության հետ կապված պատմությունների մեջ:

Ինչ խոսք, եթե մարդը մտնում է ՔՊ-ականի դերի մեջ, նրա փաստարկների տրամաբանությունն էլ պետք է լինի համապատասխան մակարդակի. նախորդների կոռուպցիան, իհարկե, միանգամայն «արդարացնում է» ներկաների ձախողումները:
Բայց ես ուզում եմ առանձին անդրադառնալ ՔՊ-ականների եւ նրանց արբանյակների հիմնական թեզին, որն առնչվում է «ծանր ժառանգությանը»:

Թերթեք ժապավենը՝ իշխանության ներկայացուցիչների եւ նրանց քարոզիչների ելույթներով ու հարցազրույցներով, ու կտեսնեք, որ դրանց բոլորի հիմքում ոչ թե ապագայի տեսլականն է, այլ հետահայաց քննադատությունը: «Վատ ժառանգության» պատմական խորությունն անչափելի է՝ երբեմն այն սկսվում է Տիգրան Մեծից։ Վերջերս էլ իշխող կուսակցությունը ներկայացնող մի պատգամավոր պնդում էր, որ 90-ականներին Արցախն ազատագրելն էր «վատ ժառանգություն», որի տակից նրանք հիմա, մեծ ջանքեր գործադրելով, փորձում են դուրս գալ։

Դա զավեշտալի կլիներ, եթե նման մոտեցմամբ չմերժվեին Երրորդ հանրապետության ստեղծման հիմքերը, առաջին հերթին՝ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագիրը, որի նախաբանում գրված է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման, իսկ 11-րդ կետում՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու մասին: Հայաստանյան քաղաքական գործիչները, ելնելով այսրոպեական շահերից, փաստացի ասում են, որ պետությունը սխալ հիմքերի վրա է կառուցված: Կարծում եմ, այդ դեպքում պետք է հետեւողական լինել եւ հայտարարել, որ Երրորդ հանրապետությունն այլեւս գոյություն չունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետությունները նույնպես զարգանում են եւ երեկվա հնացած տեխնոլոգիաներով ժամանակակից զարգացող պետություն չես կառուցի, նոր սերնդի պետականաշինական տեխնոլոգիաներ են պետք արարել: Այսօր բոլոր մեծ ու փոքր պետությունները այդ խնդրի առաջ են կանգնած, գործող օրակարգը առաջարկում է ընդհանրապես վերացնել պետություն կառույցը, այն գլոբալ կորպորացիաների գերիշխանության դեպքում վերածվելու են համարանիշներով ֆունկցիոնալ ապազգային տարածաշրջանների, սա այլասերված օրակարգ է, որը լիքը թույլ պետություններ հիմնահատակ կվերացնի, իսկ դրան մրցակից նորմալ օրակարգը առաջարկում է նոր ժամանակակից ազգային արժեքների սկզբունքների վրա հիմնված պետություն: Նորմալներն այնպիսի ունիվերսալ լուծում բոլոր մակարդակների համար պետք է առաջարկեն, որը պահպանելով մարդու, ընտանիքի, համայնքի, պետության իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ գործեն նաեւ վերպետական’ գլոբալ մակարդակներում: Կինն ու տղամարդը ստեղծում են ընտանիք իրենց տեսակը’ կնոջ եւ տղամարդու տեսակը բազմացնելու համար, ընտանիքները միավորվում են համայնքների մեջ համայնքի ընտանիքների բազմացման համար, համայնքները միավորվում են պետության մեջ պետության համայնքների բազմացման համար, պետություններն էլ միավորվում են գլոբալ կառույցի մեջ գլոբալ կառույցի պետությունների բազմացման համար: Սա է բնական զարգացման օրակարգը, որը գործում է բնության մեջ, այնպես որ ոչ մի նոր բան չենք հնարում, իսկ այն արարել կարող են միայն արարչագործները Արարչի ամենազորությամբ:

  2. Garo says:

    Եթե դու ծանր ժառանգություն ես ստացել, պիտի օրուգիշեր աշխատես, քիթ սրբելու ժամանակ չունենաս:
    2018-ին իշխանության եկած Նիկոլի ու իր թիմի պահվածքից ընդանրապես էտ չի զգացվել:
    Օրուգիշեր մենակ լայվ, ասուլիս ու միտինգ էին անում:

    Էս վերջում ինքնախոստովանական ցուցմունք էլ տվեց, չէ՞ Ասումա պատերազմը սկսվելուց մի քանի օր հետո եմ իմացել որ զրահաբաճկոնի խնդիր կա:
    Այսինքն 2տարի ոչինչ չի արել բանակը ռեալ ուժեղացնելու համար էտ իրեն չի էլ հետաքրքրել:
    Արելա միայն ՊԻԱՌ -ի համար նախատեսված քայլեր, ելակ, առանց հրթիռ ՍՈՒ-30, ասֆալտափռում հիմնականում երկրորդական նշանակության ճանապարհներին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930