Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, այս ցանկում արդեն 2-րդ տարին է՝ պաշտպանության նախարարությունը առաջին եռյակում է։ Հատկանշական է, որ այս եւ այլ նախարարությունները, պետական գերատեսչությունները մինչ 2021 թվականը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չկային։
Ներկայացնում ենք ցանկում տեղ գտած պետական գերատեսչություններն ու դրանց վճարած հարկերը։
Նախարարությունների շարքում, եւ ընդհանրապես, 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարներից է պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ն այս տարվա առաջին եռամսյակում՝ 8 մլրդ 631 մլն դրամ, նախորդ տարի՝ 15 մլրդ 051 մլն դրամ։
Հաջորդն, ըստ վճարած հարկերի մեծության, ՊԵԿ-ն է, որն այս տարվա 1-ին եռամսյակում վճարել է 1 մլրդ 450 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահտվածում ՊԵԿ-ը վճարել է 1 մլրդ 183 մլն դրամ։ ՊԵԿ-ին հաջորդում է ազգային անվտանգության ծառայությունը, որն այս տարի դիտարկվող ժամանակահատվածում վճարել է 1մլրդ 181 մլն դրամ, նախորդ տարի՝ 1մլրդ 236 մլն դրամ։ Այսքանով ավարտվում է 1 միլիարդից ավելի հարկ վճարող գերատեսչությունների թիվը։
Կարդացեք նաև
ԱԱԾ-ին, ըստ հարկի մեծության, հաջորդում է ԱԻՆ-ը, որի այս տարվա առաջին երեք ամիսներին վճարած հարկի ծավալը կազմում է 786 մլն դրամ, իսկ 2021 թվականի 1-ին եռամսյակում՝ 674 մլն դրամ։
«Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 736 մլն դրամ, նախորդ տարի ԲԴԽ-ն առաջին եռամսյակում ցանկում տեղ չի գտել։
Ապա «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկն է, նշված հարկային ժամանակահատվածում վճարել է 691 մլն դրամ, այս հիմնարկը նույնպես նախորդ տարի տեղ չի գտել ցանկում։
Ոստիկանությունը 2022-ի առաջին եռամսյակում վճարել է 631 մլն դրամ, նախորդ տարի՝ 399 մլն դրամ։
Ոստիկանությանն էլ հաջորդում է «քննչական կոմիտեի դեպարտամենտ»-ը, վճարել է 571 մլն դրամ, անցած տարի՝ 485 մլն։
Ցանկում խոշոր հարկատուներից պետական գերատեսչությունների մեջ, «Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն» է, վճարել է 503 մլն դրամ, նախորդ տարի՝ 498 մլն։
Դատախազությունն այս տարվա դիտարկվող ժամանակաշրջանում վճարել է 355 մլն դրամ, նախորդ տարի՝ 323 մլն։
Հաջորդը՝ «ոստիկանության զորքերն» է, վճարել է 327 մլն դրամ, նախորդ տարի՝ 369 մլն։ Իսկ ճանապարհային ոստիկանությունը վճարել է 290 մլն դրամ, նախորդ տարի՝ 339 մլն։
Ազգային ժողովի աշխատակազմն այս տարվա առաջին երեք ամիսներին վճարել է 289 մլն, նախորդ տարի՝ 251 մլն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վճարել է 263 մլն դրամ, նախորդ տարվա առաջին եռամսյակում ԿԸՀ-ն այս ցանկում չկար։
Արտաքին գործերի նախարարությունը վճարել է 236 մլն դրամ, նախորդ տարի՝ 228 մլն դրամ։
Ֆինանսների նախարարությունն այս տարվա նշված ժամանակահատվածում վճարել է 167 մլն դրամ, նախորդ տարի՝ 171 մլն, արդարադատության նախարարությունը՝ 140 մլն, նախորդ տարի՝ 133 մլն դրամ։ Նախարարությունների շարքում հաջորդն ըստ վճարած հարկի մեծության էկոնոմիկայի նախարարությունն է, որն այս տարի վճարել է 134 մլն դրամ, նախորդ տարի՝ 158 մլն։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 126 մլն դրամ, նախորդ տարի՝ 139 մլն դրամ։
Առողջապահության նախարարությունը վճարել է 117 մլն դրամ, նախորդ տարի՝ 104 մլն։
ՏԿԵ նախարարությունն այս տարի վճարել է 81 մլն, նախորդ տարի՝ 103 մլն։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ 73 մլն դրամ, նախորդ տարի՝ 77 մլն դրամ, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 72 մլն դրամ, նախորդ տարի՝ 85 մլն։
Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի վճարել է 62 մլն դրամ, նախորդ տարի՝ 64 մլն դրամ։
Հաշվեքննիչ պալատն այս տարի վճարել է 63 մլն դրամ, նախորդ տարի՝ 69։
Հատկանշական է, որ անցյալ տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել նաեւ կառավարության հայտնի ՊՈԱԿ-ը՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ը, վճարել է 73 մլն դրամ, իսկ այս տարի ցանկում այս հիմնարկը չկա։
Մարզպետարաններից էլ միայն Գեղարքունիքի եւ Շիրակի մարզպետարաններն էին ընդգրկվել 1000 խոշոր հարկատուների ցանկում, այն էլ՝ անցյալ տարվա առաջին եռամսյակում, այս տարվա առաջին եռամսյակում՝ չկան։ 47 մլն դրամ վճարել է Գեղարքունիքի մարզպետարանը, Շիրակինը՝ 46 մլն դրամ։
Ցանկում տեղ են գտել նաեւ տեսչական մարմինները, վիճակագրական կոմիտեն, նախարարություններին ենթակա մարմինները։
Նշենք, նաեւ որ Կենտրոնական բանկը եւս մինչեւ 2021 թվականը խոշոր հարկատուների ցանկում չկար, այժմ կա, եւ այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 533 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 473 մլն դրամ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2022