Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազը պահանջեց, որ նրանց դիմումներն ընդունվեն ոչ թե որպես ժառանգորդ, այլ՝ քաղհայցվոր»

Ապրիլ 23,2022 13:00

Ձեզ ենք ներկայացնում թուրքական մամուլի հրապարակումներից, որոնք վերաբերում են 1919թ. դատական գործընթացներին: Հայկական կոտորածների, տեղահանության գործերով դատական ռեպորտաժները նրանց իսկ մատուցմամբ՝ «պատմական դատավարություններ» էին: 1919թ. փետրվարի 9-ի «Ալեմդար»-ի հրապարակումը Մելինե Անումյանի «Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների վավերագրերը ըստ Օսմանյան մամուլի» գրքից է:

Ռազմական ատյանի ունկնդրումը
Երեկ կեսօրից հետո՝ ժ.14.15-ին, սկսվեց Բողազլյանի կայմակամ Քեմալի, Յոզղատի ժանդարմերիայի հրամանատար Թեֆիկի եւ վաքըֆային վարչության պաշտոնյա Ֆեյյազի դատավարությունը, որոնց դատաքննությունը շարունակվում է՝ տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով: Դատարանի կազմը եւ դատախազի պաշտոնները զբաղեցնում էին այն անձինք, որոնց անունները հիշատակել էինք անցած նիստի մի հոդվածում, միայն դատապաշտպանների թիվը, արդեն չափազանցության հասնելով, ավելացել էր եւս մեկով, դատապաշտպաններին էր միացել նաեւ փաստաբան Հյուսյու բեյը:

Քաղհայցվորի կարգավիճակով հանդես էին գալիս փաստաբան Հմայակ Խոսրովյանը, Հակոբ Բահրին եւ Սուրենյան էֆենդին: Նիստի սկզբում մեղադրյալների դատապաշտպաններից Հալիդ բեյը երկու կողմերի կազմավորման մասին իր առարկությունն արտահայտելով հայտարարեց, թե որպես քաղհայցվոր դատարանին դիմած Կարապետ Քյուրքչյանի որդին եւ Հայկ Խանջյանը, ըստ օրենքի, նախ եւ առաջ պետք է ներկայացնեն իրենց ժառանգության մասին փաստաթղթերը: Դատախազը պահանջեց, որ նրանց դիմումներն ընդունվեն ոչ թե որպես ժառանգորդ, այլ՝ քաղհայցվոր: Դատարանը ներկայացրեց դրա մասին որոշումը, որից հետո որպես քաղհայցվոր հանդես եկող Հմայակ Խոսրովյանը հայտարարեց, թե անցած նիստի ժամանակ Վանի իրադարձությունների մասին դատախազի արած մեկնաբանությունը, որոնք նպատակ ունեին որպես մեղմացուցիչ հանգամանք ներկայացվել՝ ի նպաստ Յոզղատի ողբերգությունների հեղինակ հանցագործների, այն ակնարկը, թե հայերը գործիք են եղել արտասահմանցիների համար, անհամատեղելի են արտակարգ ատյանի կազմվելու նպատակի հետ, քանի որ դատարանում քննվելու են բացառապես կոտորածներին ու տեղահանությանն առնչվող խնդիրներ, եւ հակառակ կողմի նկատմամբ գործադրվելու է արդարադատությունը:

Ըստ Հմայակ Խոսրովյանի, դատախազը վերոհիշյալ մեկնաբանությունով խախտել է մեղադրող կողմի չեզոքությունը: Խոսրովյանը պահանջեց դատախազին պաշտոնից հեռացնել եւ հայտարարեց, թե անընդունելի են հայերին ուղղված զրպարտությունները:

Քաղհայցվորներից Սուրենյան էֆենդին, այդ կապակցությամբ իր առարկությունը հայտնելով, լքեց դատարանի դահլիճը: Դատախազ Սամի բեյը նշեց, որ Վանի դեպքերի մասին խոսելու անհրաժեշտությունը բխել է ի պաշտոնե տեղահանությանը եւ կոտորածներին առնչվող խնդիրների էությունը բացահայտելուն ուղղված համակողմանի հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկություններից եւ որ ինքը, ելնելով իր պաշտոնից, հարկադրված է եղել մեկնաբանել այդ իրադարձությունները: Դատախազը հայտնեց նաեւ, որ հիմնական անդամի մերժումը չի կարող կիրառվել դատախազների առնչությամբ:

Քաղհայցվորների լիազորները հանդես եկան երկար-բարակ պարզաբանումներով: Այնուհետեւ ներկայացվեց Յոզղատում Քեմալի՝ գույքի հափշտակման մեղադրանքով քրեական դատարանում մեղադրյալի բացակայությամբ կայացված դատավճիռը, ըստ որի՝ Քեմալը դատապարտվել էր երեք ամսվա ազատազրկման: Քեմալի առարկություններից պարզվեց, որ վերոհիշյալ դատաքննությունն իրականացվել է իր ներկայությամբ, որի արդյունքում արդարացվել է: Ապա դատարանի նախագահը հարցաքննեց Թեֆիկ, Քեմալ ու Ֆեյյազ բեյերին: Երբ ժամը հասավ 16.30-ը, նախագահը հաղորդեց, որ նիստը ավարտվում է, եւ կշարունակվի առաջիկա երկուշաբթի օրը՝ կեսօրվա ժամը 13.00-ին:

«Առավոտ» օրաթերթ
22.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930