Հարցազրույց պարուսույց Սաբինա Միքայելյանի հետ
– Սաբինա, նախ մի փոքր պատմիր քո մասին, խնդրում եմ մանրամասնիր, թե ինչ նախասիրություններ ունես:
– Ես Սաբինա Միքայելյանն եմ, ով իր ողջ գիտակցական կյանքում զբաղվում է պարով, այն ինձ համար պարզապես աշխատանք չէ, այլ հոգեվիճակ՝ առանց որի չեմ պատկերացնում էությունս: Իմ ազատությունը, սերը, ապրումները, մտորումները մեկտեղվում է պարելիս. թե՛ բեմում, թե՛ դահլիճում:
– Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել պարով: Որտե՞ղ ես սովորում եւ ո՞ր բաժնում:
– Երբ 3 տարեկան էի, մայրս կայացրել է որոշում եւ ընդունել ինձ «Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոն», այժմ ետհայացք գցելով համոզվում եմ, որ ոչինչ պատահական չի լինում, ինձ համար ճակատագրական այդ որոշման համար մշտապես երախտապարտ եմ լինելու մայրիկիս։ Ավարտել եմ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժինը: Սովորել եմ Աննա Ռաշիդովնայի կուրսում, ում եւս մեկ անգամ խորին հարգանքս եւ շնորհակալական խոսքերս եմ ուզում հղել։
– Ո՞ր մրցույթներին ես մասնակցել եւ ի՞նչ հաջողություններ ես գրանցել այս ոլորտում:
– Մրցույթների եւ փառատոների մասնակցության պակաս երբեւէ չեմ ունեցել՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։ Մինչ այսօր մասնակցում եմ թե՛ որպես պարուհի եւ թե՛ պարուսույց՝ ներկայացնելով 3-16 տարեկան իմ սաների պարային հմտությունները:
– Մասնագիտական աճի եւ ձեռքբերումների հարցում կա՞ մեկը, ում դերը կարեւորում ես: Ինչպիսի՞ պարեր ես նախընտրում պարել:
– Սովորելու ձգտումը մշտապես ինձ ուղեկցել է, եւ երջանիկ եմ, որ այսօր իմ աշխատասիրության շնորհիվ կարող եմ հաշվետու լինել իմ խղճին. ասել է թե՝ չեմ հիասթափեցրել ո՛չ ծնողներիս, ո՛չ էլ ուսուցիչներիս, ովքեր հավատացել են ինձ։ Հավելեմ, մասնագիտական ուղիս չէր լինի այսչափ պրոֆեսիոնալ, եթե իմ կյանքում չհանդիպեի ՀՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դեւոյանին, ով խթան եւ ոգեշնչման աղբյուր հանդիսացավ ինձ համար։
Հարցազրույցի սկզբում նշեցի, որ պարը ինձ համար հոգեվիճակ է, ուստի նախընտրում եմ պարային բոլոր ոճերը՝ կախված տվյալ հոգեվիճակից։ Եթե ռոմանտիկ եմ, ապա լիրիկականն է գերակշռում իմ պարացանկում։ Սիրում եմ ինքնարտահայտչական շարժումներով մատուցել ռիթմերը։
– Եթե չլիներ պարը, ո՞ր մասնագիտությունը կընտրեիր:
– Ինքս ունեցել եմ նմանատիպ մտորումներ. եթե չլինեի պարուհի… Կարծում եմ՝ ինչ մասնագիտություն էլ ընտրեի, դա միանշանակ կապված էր լինելու բեմի հետ։ Բեմն այն անծայրածիր թվացող աշխարհն է, որտեղ ես ինքս ինձ հետ եմ։ Այդ կուլիսային հուզմունքը, հաճելի լարվածությունը, եւ վերջիվերջո, ծափահարությունները երբեք չեմ փոխի ոչնչի հետ։
– Որքանո՞վ է պարը քեզ համար ինքնարտահայտման միջոց։
– Չափման միավոր գոյություն չունի։
Սոնա ՔՅԱՐՈՒՆՑ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2022