Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ապրիլի 24-ը միգուցե լինի բեկում»

Ապրիլ 23,2022 14:30

«Բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիան անգամ այդ՝ սիմվոլիկ դրական ազդակի հարցում, ըստ էության, ժլատ է: Նաեւ ՀՀ իշխանությունների, մասնավորաբար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը, ապացուցում է, որ Թուրքիան որեւէ դրական ազդակ հղելու պատրաստակամություն չունի: Հակառակը, շարունակում է իր իմիտացիոն բնույթի քայլերը, կարծր դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ նախապայմանների վրա հենված իր քաղաքականությունը»,- «Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

– Մի քանի օր առաջ, Հայաստանը Թուրքիային առաջարկել է՝ առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հավելելով, որ թուրքական կողմը հապաղում է: Ինչի՞ մասին է Հայաստանի առաջարկը եւ ինչո՞ւ է թուրքական կողմը հապաղում:

– Փակ սահմանները դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելը կամ ռեժիմը փոխելը, առաջին հերթին նշանակում է՝ բարի կամքի դրսեւորում եւ որոշակի դրական քայլ: Այն, որ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են չգիտեմ որտեղից եկող դրական ուղերձներից՝ մեզ համար անընկալելի, այ դա, որ Թուրքիան փոխում է իր կարծրացած մոտեցումները՝ հայ-թուրքական սահմանի հետ կապված եւ այն հատելու ռեժիմի փոփոխություն է անում, որպեսզի դիվանագիտական անձնագիր կրող մարդիկ կարողանան ուղիղ հատել սահմանը, կարող ենք համարել դրական ուղերձի մի օրինակ: Սա նաեւ, ըստ էության, նշանակում է՝ սահմանը որոշակիորեն բացելու նախանշան: Ի դեպ, հենց սա կարող էր համարվել դրական ազդակ, ոչ թե վաղուց գոյություն ունեցող Երեւան-Ստամբուլ չվերթի վերաբացումը: Եթե տեղի են ունենում բանակցություններ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին, ուրեմն, սահմանը հատելու արգելքի վերացումը դիվանագետների համար, կարող էր նաեւ ուղղակի տեխնիկապես աջակցել խնդրին:

Բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիան անգամ այդ՝ սիմվոլիկ դրական ազդակի հարցում, ըստ էության, ժլատ է: Նաեւ ՀՀ իշխանությունների, մասնավորաբար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը, ապացուցում է, որ Թուրքիան որեւէ դրական ազդակ հղելու պատրաստակամություն չունի: Հակառակը, շարունակում է իր իմիտացիոն բնույթի քայլերը, կարծր դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ նախապայմանների վրա հենված իր քաղաքականությունը:

– Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսեց Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին՝ շեշտելով, որ հաջորդ հանդիպումը լավ կլիներ Անկարայում կամ Երեւանում լիներ ու հորդորեց, որ Հայաստանն ավելի համարձակ լինի իր քայլերում: Ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանից, ի՞նչ որոշումներ են ակնկալում, որոնք պաշտոնական Երեւանից ավելի շատ համարձակություն են պահանջում:

– Նախ՝ թուրքական այդ հայտարարությունը մենք կարող ենք հստակորեն անվանել՝ երեսպաշտության դրսեւորում, որովհետեւ Թուրքիան, ինքը չլինելով համարձակ եւ չանելով սիմվոլիկ դրական քայլ, ինչի մասին խոսեցինք, Հայաստանից պահանջում է համարձակ քայլեր: Սա թուրքական երեսպաշտության հերթական դրսեւորումն է:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համարձակ լինելուն, երկու ասպեկտով կարող ենք հարցին անդրադառնալ. Չավուշօղլուն Վիեննայում հավանական հանդիպմանը վերաբերվում է քննադատաբար, որ ինչո՞ւ ենք կրկին բանագնացների հանդիպում կազմակերպում երրորդ երկրում, երբ հանդիպումը կարող էր լինել կամ Հայաստանում, կամ Թուրքիայում ու այստեղից բխեցնում էր, որ Հայաստանը պետք է համարձակ լինի եւ հանդիպման գնա Թուրքիայում կամ հանդիպումը կազմակերպի Հայաստանում: Բայց համարձակ լինելու երկրորդ ենթատեքստը այն էր, որ Թուրքիային շատ լավ հայտնի է, թե Հայաստանի քաղաքական դաշտում, հասարակական լայն շերտերում ինչպիսի՞ պատկերացումներ եւ ինչպիսի՞ կարմիր գծեր կան՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված եւ Թուրքիայի կոչն էր ՀՀ իշխանություններին՝ ավելի համարձակ հատել այդ կարմիր գծերը: ԱԺ-ում այն խայտառակ ելույթները երեւի ավելացնել, այդ ելույթներում էլ ավելի շատ խոսել այն հանգամանքների մասին, որոնք ուղղակի հարված են մեր ազգային եւ պետական ինքնությանը: Այդ տարրերը՝ ինչպե՞ս Հայաստանի հասարակական եւ քաղաքական դաշտում թուլացնել Ցեղասպանության հարցի ընկալումները, պատմական հիշողության ընկալումները, Թուրքիայի հանդեպ համապատասխան վերաբերմունքի ընկալումները, երկար տարիներ Թուրքիայի համար եղել են թշնամական թիրախներ: Հավանաբար, այս իմաստով է կոչ անում ՀՀ իշխանություններին՝ ավելի համարձակ լինել: Հավանաբար բոլորն էլ հիշում են ԱԺ վերջին նիստին իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչների տարբեր հայտարարությունները, որ Արցախը՝ Ադրբեջանի կազմում չլինելը սխալ թեզ էր եւ դա ժամանակը ցույց տվեց, որ թրքատյացությունը պետք է հանվի հայկականության հիմքից. ի դեպ, սա ինքնին սխալ է, որ հայկականության հիմքում կա թրքատյացություն, եւ, խայտառակ հայտարարությունների այդ շքերթը, որի ականատեսը եղանք: Ես կարծում եմ, որ Թուրքիան բարոյական աջակցություն է ցույց տալիս ՀՀ իշխանություններին՝ ավելի համարձակ իրենց այդ ոճի հայտարարությունները շարունակելու համար:

– Քանի որ 2018 թվականից սկսած բոլոր իրադարձություններում սիմվոլիկան մեծ տեղ ունի, ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, ինչ-որ գործուն քայլեր սպասե՞լ ՀՀ իշխանություններից:

– Բացասական իմաստով, ՀՀ իշխանություններից որեւէ անակնկալ չի կարելի բացառել: Միեւնույն ժամանակ, ապրիլի 24-ը, կարծում եմ, ամենակարմիր գիծն է՝ մեր ազգի մոտ եղած բոլոր կարմիր գծերից, մանավանդ, հիմա էլ տեղի ունեցող զարգացումները, հասարակության որոշակի շերտերի ընդվզումը՝ այդ հարցերում նահանջի հետ կապված, միգուցե հիմք կարող է լինել ապրիլի 24-ի տխուր սիմվոլիկան դրական սիմվոլիկայի փոխելու իմաստով եւ ապրիլի 24-ը միգուցե լինի ոչ թե տխուր եւ պարտվողական սիմվոլիկաների շարունակությունը, այլ բեկում՝ այդ սիմվոլիկաներն ի նպաստ Հայաստանի օգտագործելու:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930