«Ազատություն» ռ/կ. Էնդրյու Շոֆերը ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատնից:
«Այդ պաշտոնում նրա պարտականությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթներ կատարելը և ղեկավարելն ԱՄՆ պատվիրակությունը` Ժնևի միջազգային քննարկումներում վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ», – ասված է դեսպանատան պատասխանի մեջ:
«Ազատությունը» հետաքրրքվել էր, թե ինչո՞ւ է փոխվել ԵԱՀԿ խմբում ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆերի պաշտոնը. դեսպանատան հաղորդագրությունում նա ներկայացվել էր որպես Կովկասյան բանակցությունների գծով պետքարտուղարության հատուկ խորհրդական, և թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Մինսկի խմբում իր մասնակցությունից, թե՞ նոր պաշտոնյա է նշանակվելու որպես ամերիկացի համանախագահ։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանմանը», – հավելել են ԱՄՆ դեսպանատնից:
Կարդացեք նաև
Էնդրյու Շոֆերը այս շաբաթասկզբին Երևանում հանդիպումներ էր ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը, սակայն, դժվարացել էր հայտնել, թե ինչ կարգավիճակով է Էնդրյու Շոֆերն այցելում տարածաշրջան:
Նեդ Փրայսին ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել էր Էնդրյու Շոֆերի կարգավիճակի մասին: Հարցման պատճառը Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի թվիթերյան էջի ապրիլի 18-ի գրառումն էր Շոֆերի տարածաշրջան այցի մասին, որում նա ներկայացված է որպես «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»:
«Ազատության» հարցին` ԱՄՆ-ը հնարավոր համարո՞ւմ է Մինսկի խմբի հետագա գործունեությունը Ռուսաստանի հետ ներկայիս լարված իրավիճակում, Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է, որ իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ անմիջականորեն, ուղիղ ներգրավվելու ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով: Ինչպես նաև նշել է, որ երկու կողմերի պարտավորությունն ու ճկունությունը, երկկողմանի ուղղակի համագործակցությունը առանցքային են տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար:
«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», – ասված է դեսպանատան գրավոր պատասխանի մեջ։