Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը՝ Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի ժ/պ նշանակելու մասին. «Այս պահին որեւէ նորություն չունենք, երբ կնշանակվի, կամ կնշանակի, թե չի նշանակվի»

Ապրիլ 22,2022 22:44

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում տեղի ունեցած համայնքի ավագանու ընտրություններից հետո՝ մինչ օրս Վանաձորը մնացել է առանց համայնքի ղեկավարի: Իսկ «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Մամիկոն Ասլանյանը շարունակում է մնալ կալանավորված:

Բացի այդ, ապրիլի 1-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որի համաձայն նախատեսվում է փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Նախագծով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ:

Այդ նախագիծն առաջին հերթին վերաբերում էր հենց Վանաձոր քաղաքին:

Այսօր լուրեր են շրջանառվում, որ շուտով Վանաձորում վարչապետ Փաշինյանը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արկադի Փելեշյանին. «Կոնկրետ անձի հետ կապված թույլ տվեք ես մեկնաբանություն չանեմ: Այս պահին որեւէ նորություն չունենք, երբ կնշանակվի, կամ կնշանակի, թե չի նշանակվի, ես չեմ կարող ասել, վարչապետն է որոշում: Չի բացառվում, որ 2 ժամ հետո էլ որոշում կայացվի, չի բացառվում, որ երկուշաբթի կամ մեկ շաբաթ հետո որոշվի, ես հստակ չեմ կարող ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Մեր այն հարցին, թե ապրիլի 16-ին վարչապետի Վանաձոր կատարած այցի ընթացքում եւս քննարկվել է Փելեշյանին համայնքի ղեկավարի ժ/պ նշանակելու մասին հարցը, Խաչատրյանը հերքեց. «Բոլորիս էլ հայտնի է, թե վարչապետն ինչ օրակարգով էր եկել Վանաձոր եւ այդ օրը մենք Վանաձորի քաղաքապետի հետ կապված որեւիցե քննարկում չենք ունեցել»:

Մինչեւ Վանաձորը կունենա համայնքի ղեկավար կամ ղեկավարի պաշտոնակատար բնակիչների կողմից հաճախակի են դարձել բողոքներ քաղաքին վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Մինչդեռ մարզի ղեկավարի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից օգտվում են որոշ անձիք եւ նմանօրինակ լուրեր տարածում, որոնք չեմ համապատասխանում իրականությանը. «Ես կարծում եմ, որ որոշ ուժեր կամ անհատներ փորձում են այս ստեղծված իրավիճակում քաղաքական դիվիդենտներ քաղեն: Այն խնդիրները, որ Վանաձորն ունի, մյուս քաղաքներն էլ ունեն: Կան որոշակի տեխնիկական խնդիրներ, բայց մեծ հաշվով համայնքապետարանն իր բնականոն հունով այս պահին եւ այս ամիսների ընթացքում աշխատում է: Իհարկե, կան որոշակի խնդիրներ, բայց պետք չի քաղաքական դիվիդենտներ հանել, փորձել իրենց շահերից ելնելով ինչ-որ ստեր հորինել: Խնդիրները հիմնականում քաղաքապետի հետ կապված ինչ-որ տեղեկանքներ տրամադրելն է կամ որոշումներ կայացնել, խոսքը դրանց մասին է: Բայց քաղաքապետ լինի, թե չլինի համայնքը միշտ էլ խնդիրներ ունենում է»,- խոսքը եզրափակեց Արամ Խաչատրյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930