«Եկել եմ այստեղ ասելու՝ իմ որդին ու իր նմանները, երբ գնացին հայրենիքը պահելու, նրանք պահել են ու գիտակցել՝ մնացյալը, ով պիտի ապրի, պիտի ապրի ազատ եւ խաղաղ երկնքի տակ եւ ոչ թե այն երկրում, որը մաս-մաս թուրքը պետք է գա ու նստի»,-այսօր Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց Ելիզավետ Օհանջանյանը, որի որդին, որպես կամավորական 44-օրյա պատերազմի օրերին մեկնել էր ռազմաճակատ, ու ցավոք, զոհվել։
Տիկին Օհանջանյանն ասաց, որ կան մարդիկ, որոնք ասում են՝ հա, ի՞նչ է եղել, ո՞նց ենք ապրել թուրքերի հետ, հիմա էլ կապրենք․«Ես էլ նրանց ասում եմ՝ դու եթե կարող ես ապրել, ապա ես ո՞նց ապրեմ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած իմ անդորրը, իմ խաղաղ կյանքը կորել է։ Ես կորցրել եմ իմ խաղաղությունը։ Ես ապրում եմ գոյատեւելով։ Ինչո՞ւ իմ նման ծնողները կարոտ մնացին իրենց երեխեքին, իրենց տղաներին, որոնք պետք է գրկեին իրենց մայրիկներին ու ասեին՝ մամ ջան։ Եթե պիտի որդուս կորցնեի, ապա ինչո՞ւ հողս կորցրեցի։ Շատ ծնողներ կորցրեցին իրենց որդիներին՝ իրենց մուրազի հետ միասին, չտեսան թոռներ, շատ երեխաներ կորցրեցին հորը, կանայք կորցրեցին իրենց ամուր թիկունքը։
Կարդացեք նաև
Այս ամենի պատճառը, ամենամեծ մեղավորը․․․ես սկզբից էլ գիտեի, որ ինքն է մեղավոր, անուն չեմ կարող ասել, չեմ ուզում, նույնիսկ իր ելույթը չեմ կարող լսել։ Շատերն ինձ ասում են՝ հա, ի՞նչ ենք անելու, մեր տղաներին հե՞տ ենք բերելու։ Հետ չենք բերելու, բայց մնացյալ տղաներին կփրկենք»։ Նա կոչ արեց բոլորին միանալ այս պայքարին՝ գնալ Ազատության հրապարակ, փրկելու Արցախը։
«Գիտե՞ք նրանք հիմա էլ ինչ են որոշել։ Նրանք որոշել են մեր՝ որդեկորույս մայրերի մեջ պառակտում մտցնել, եւ ստացվել է, շատերի մոտ ստացվել է դա։ Ես ուզում եմ ձեզ համախմբել, ուզում եմ, որ ով մեր տղաներին տարել է զոհասեղանին մատաղ է արել, պատասխան տա, ոչ թե մահով, մահը նվեր է։ Պետք է համախմբվենք ու պահանջատեր լինենք։ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, որովհետեւ այնտեղ իմ տղաների արյունն է թափված»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ