Լրահոս
Օրվա լրահոսը

Նվերն ու Արթուրը դադարեցրին հացադուլը․ «2200 ստորագրություն կա․ սա այն կրիտիկական զանգվածն է, որը պատրաստ է գործողությունների»

Ապրիլ 22,2022 21:21

Ազատության հրապարակում հացադուլի դիմած Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրեցին հացադուլը։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Նվեր Կիրակոսյանը։

Նշենք, որ նրանք հացադուլի դիմեցին ապրիլի 18-ին, որտեղ ապրիլի 17-ից  նստացույց է սկսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն, իր խոսքով ասած՝ հանուն Արցախի եւ ՀՀ անվտանգության ապահովման։ Նախաձեռնությունը սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց՝ «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»:

Ազատության հրապարակում այսօր իր ելույթում Նվեր Կիրակոսյանն ասաց, որ Արթուր Ավագյանի հետ սկսեցին հացադուլը, որպեսզի անկախության սերնդի ներկայացուցիչներին ասեն՝ Արցախի ճակատագիրը վտանգված է, այն նույն Արցախի, որի համար պայքարը իմաստ տվեց հայկական 3-րդ հանրապետությանը․ «Այն նույն Արցախի, որը մենք, որպես անկախության սերունդ, ստացել ենք որպես ժառանգություն։ Մենք այս նույն հրապարակից ի լուր բոլորին ասացինք՝ տանը կամ սրճարաններում նստած, ֆեյսբուքում գրառումներ անելով ոչնչի չենք հասնելու, ու թեեւ մեր քայլը ծայրահեղ է, բայց ծայրահեղ է նաեւ այն իրավիճակը, որում հայտնվել ենք մենք։ Մենք նաեւ ասացինք, որ մեզ համարում ենք բոլոր այն մարդկանց եւ ուժերի համախոհը, իսկ նրանք էլ՝ մերը,  ովքեր համարում են, որ Արցախը չի կարող եւ չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Նա ասաց, որ այս օրերի ընթացքում զրուցել են հազարավոր մարդկանց հետ, ովքեր իրենց ներկայությամբ եւ աջակցությամբ, խոսքով հավաստիացրել են՝ Արցախի ճակատագիրն իրենց համար միեւնույն չէ, իրենք անտարբեր չեն, որ իրենք կրում են անկախության սերնդի արժեհամակարգը»։

«Երեկ մենք նախաձեռնեցինք ստորագրահավաք, որպեսզի առարկայական արձանագրենք եւ մեկտեղենք այս բոլոր մտահոգ մարդկանց խոսքը, այս պահին ստորագրողների քանակը 2200 է։ Սա այն կրիտիկական զանգվածն է, որ եթե իր պահանջը Արցախի վերաբերյալ չլինի այդպես, ապա պատրաստ է գործողությունների։ Մենք հանրաքվե կամ ընտրություններ չենք անում, որ կարիք ունենանք միլիոնավոր ստորագրությունների։ Այս ստորագրահավաքը շարունակվելու է։ Այսքան մարդ արձագանքեց մեր հացադուլին, հաստատեցին, որ անտարբեր չեն, եկան հրապարակ՝ ցույց տալու, որ մեր հացադուլը որքան էլ ծանր որոշում էր անձամբ երկուսիս համար, այն հավասարապես տեղին էր եւ ժամանակին։ Այժմ տեսնելով ստորագրած մարդկանց քանակը, տեսնելով ձեզ այս հրապարակում կանգնած, ես եւ Արթուրը համարում ենք, որ ինչի համար, որ դիմել էինք այս ծայրահեղ քայլին, այն է՝ արթնացնել անկախության սերնդի ներկայացուցիչներին հանուն Արցախի, այս փուլում համարում ենք կատարված»,-ասաց Նվերը։

Նա նշեց, որ Արթուրի հետ որոշել են, որ իրենց փնտրտուքներն ու խոսքը չպետք է սահմանափակված լինի միայն հրապարակում նստելով, այլ պետք է դիվերսիֆիկացվածի․«Մենք պետք է մեր կոչն ու խոսքը նրանց հասցնենք քարոզչության, կրթության, մշակույթի եւ հանրային այլ ակցիաների միջոցով։ Հաշվի առնելով ձեր արձագանքը, մեր նպատակին հասնելու մեր միջոցների բազմազանեցման անհրաժեշտությունը՝ մենք հայտարարում ենք հացադուլից դուրս գալու մասին»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930