Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը ազդարարեց պայքարի երկրորդ փուլը. «Անդադար քաղաքացիական անհնազանդության ակցիաներով ստիպելու ենք նահանջել»

Ապրիլ 22,2022 21:00

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ուղիղ եթերում ամփոփեց նստացույցի այս 5 օրերը. «Ինչ ունենք: Ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք դուրս են եկել փողոց, գիտակցել են, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ պայքարելու հանուն Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի: Այս պայքարն անկասելի է ու անպայման տանելու է դեպի մեր նպատակ: Մենք ունենալու ենք իրապես հզոր, անկախ ու ինքնիշխան Հայաստան ու ունենալու ենք մեր երկրում ապրող արժանապատիվ քաղաքացի»:

Վանեցյանը պայքարի երկրորդ փուլի մասին ազդարարեց: Այն մեկնարկելու են ապրիլի 25-ին. «Անդադար քաղաքացիական անհնազանդության ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին մի վիճակի, որ ստիպված լինեն նահանջել, թողեն իրենց ազգակործան գործը»:

Նա ողջունեց Իշխան Սաղաթելյանի կոչը՝ պայքարի համար դուրս գալ փողոց. «Ես հուսով եմ, որ մենք միասին կարողանալու ենք դժգոհության հզոր ալիք բարձրացնենք ու ժողովրդի, քաղաքացու ճնշումը բանեցնենք այս իշխանությունների նկատմամբ ու հասնենք վերջնական նպատակի»:

Մինչ այդ Վանեցյանը բոլորին հրավիրեց Ազատության հրապարակ՝ ջահերով երթի մասնակցելու; Ըստ նրա, դրանով ցույց կտան միասնականությունը. «Այս անգամ ջահերով երթը տարբերվելու է իր էությամբ: Մշտապես ջահերով երթի գնացել ենք մի նպատակով, որ մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նահատակված, ցեղասպանված հայրենակիցներին: Այս անգամ, բացի այդ խորհրդից, մեր ջահերով երթը խորհրդանշելու է հետեւյալը՝ լինելու է մի իրավիճակ, երբ մենք ցույց ենք տալու մեր միասնությունը, մեր աշխարհընկալումը, ասելու ենք, որ մենք տեր ենք մեր հայրենիքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930