«Հայաստան» խմբակցության պատգամավորները ժամանակ առ ժամանակ գալիս են Ազատության հրապարակ՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին այցելելու: Վանեցյանն ասել էր, որ իր գործընկերները ցանցային պայքար են նախաձեռնել ու ամեն մեկն իր տեղն ու դերն ունի այդ պայքարում: Aravot.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին հարցրեց՝ ձեզ ի՞նչ դեր են տվել, կոնկրետ դուք ի՞նչ պետք է անեք: Նա պատասխանեց. «Ճիշտ է ասել պարոն Վանեցյանը: Իսկ քայլերի հաջորդականության կամ մարտավարության մասին թույլ տվեք չմանրամասնել, կլինի՝ կտեսնեք: Շատ բան կախված է մեր ազգաբնակչության ռեակցիայից, թե ինչքան արագ կամ շուտ կհասունանա»:
Հարցին՝ ձեզ իշխանականներն ասում են՝ աշխատավարձ եք ստանում, աշխատանքի չեք գալիս խորհրդարան, երկրի համար բախտորոշ շրջան է, Փաշինյանը վատ է, լավ է՝ ընտրվել է, հաշտվեք իրողության հետ ու իշխանություններին օգնեք, երկիրը այդպես են փրկում, ոչ թե «բզբզալով»՝ Մխիթար Զաքարյանը պատասխանեց. «Հարցի ենթատեքստը հասկացա՝ մանդատները վայր դնելու մասին է: Վերջին բոյկոտը քաղաքական ակցիա էր, որը հաջողությամբ իրականացվեց: Իսկ ինչ վերաբերում է մանդատները վայր դնելուն, ոչ մեկս կառչած չենք ու պատրաստ են այդ քայլն անել, պարզապես պիտի այդ քայլն իր դիվիդենտը բերի: Եթե իմանանք, որ դա հաջողություն է խոստանում մեր գործին՝ միանշանակ կանենք»:
Դիտարկմանը, որ ընտրություն է եղել, չեք ընտրվել, ասում են՝ թեւ-թիկունք եղեք իշխանությանը՝ Մխիթար Զաքարյանը պատասխանեց, որ եթե ազգանպաստ, պետականանպաստ քայլեր անում են՝ իրենք աջակցում են. «44-օրյա պատերազմի ժամանակ տեսաք ինչ արագությամբ մեր քաղաքական կուսակցությունները, մասնավորապես ՀՅԴ-ն ձերբազատվեցին եւ մյուս ուժերը քաղաքական պայքարից ու լծվեցին հայրենիքի պաշտպանությանը»: Իսկ քննադատությանը, որ ոչ թե հայրենիքի պաշտպանությանն են գնացել, այլ փախել են, զենքերը թափել են՝ նա պատասխանեց. «Երեւույթներ կան, որոնց մասին խոսելու իրավունքը պետք է վաստակել: Եվ ո՞վ է գնահատում մարտի դաշտում ով ինչ է արել: Որպես կանոն, դրա մասին բարբաջում են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես կյանքում մոտ չեն եղել ռազմի դաշտին, չեն էլ տեսել: Պետք չի գնահատել՝ ով փախավ, ով գերի ընկավ, դա անելուց առաջ պիտի հասկանաս ինչի մասին ես խոսում: Մեր ընդդիմադիր ընկերները, կամավորականները, մեր զինվորակաները եղած հնարավորության սահմաններում առավելագույնն արել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ