«Պարոն Ջհանգիրյանի պաշտոնավարման վերաբերյալ ես իմ կարծիքն ասել եմ դեռ մինչև նրա ընտրվելը: Գտնում եմ, որ նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ՀՀ դատավորների միության 25-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Դիտարկմանը՝ Գագիկ Ջհանգիրնանը կարողացել է որոշ դատավորների այսպես կոչված իրենով անել, Ռուբեն Վարդազարյանն այսպես արձագանքեց. «Եթե պարոն Ջհանգիրյանը կարողացել է իրենով անել, դա դատավորների մեղքն է: Եթե այդքան շուտ կարող էին կոտրվել, ապա երևի թե այդ մարդիկ արժանի չէին դատավորի բարձր կոչմանը»:
Հարցին՝ հնարավո՞ր է ԲԴԽ վերադառնա, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. «Մինչև իմ դեմ քրեական գործը չավարտվի, իմ վերադարձը համարում եմ անհնարին»:
Կարդացեք նաև
Նա լրագրողներին տեղեկացրեց՝ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալու դեպքում ԲԴԽ անդամներից տարիքով ավագը՝ Ստեփան Միքայելյանը կդառնա ԲԴԽ նախագահի պաշտոնակատար:
Ըստ Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ-ն վերջին օրենսդրական փոփոխությունների ներքո դարձել է քաղաքական կամ կիսաքաղաքական մարմին, Վճռաբեկ դատարանի որոշ դատավորներ նույնպես կիսաքաղաքականացված են, ըստ նրա՝ մնացել է միայն դատավորների միության հարթակը, որը կարող է ճիշտ հարաբերակցությունը պահել, դատավորների իրավունքներով զբաղվող միակ միջոցն է:
Հարցին՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ նույն որոշո՞ւմը կկայացներ, եթե լիներ ԲԴԽ նախագահ, նա պատասխանեց. «Կալանքի թույլտվությունը շատ խիստ մոտեցում էր: Երևի թե եթե ես լինեի, թույլ չտայի: Քրեական հետապնդման որոշումն օրինաչափ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ