ԱԺ-ում պիտի կայանային խորհրդարանական լսումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ընդդիմադիր պատգամավորներն էին ստորագրություն հավաքել ու դիմել ԱԺ ղեկավարությանը: Սակայն լսումները չեղարկվել են: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որն այցելել էր Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանին, ասաց, որ իշխանությունը տեխնիկական պատճառաբանությամբ հրաժարվել է այդ լսումներն անցկացնել. «Ինչի մասին է սա վկայում. ակնհայտ է, որ այս իշխանությունն այնքան թույլ, այնքան վախկոտ, այնքան ողորմելի է, որ վախենում են ապրիլի 24-ից առաջ Թուրքիային որեւէ կերպ անհանգստացնել, Ադրբեջանին անհանգստացնել: Այսինքն, ազգային արժանապատվության, մարդկային ինքնասիրության լիարժեք բացակայություն»:
Նա հիշեցրեց, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ժամանակին, երբ բանակում ծառայել, դանակահարել է սպային՝ իր ազգային արժանապատվությունը վիրավորելու համար. «Գուցե շատ ճիշտ, տեղին քայլ՝ մարդու արժանապատվությունը վիրավորել են: Հիմա ո՞ւր է այդ մարդու ու այդ մարդկանց ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, որ վախենում են նույնիսկ Ցեղասպանության օրվանից առաջ մի թույլ բանով անհանգստացնել Թուրքիային կամ Էրդողանին: Այդ մարդը, որ ժամանակին ուներ ազգային արժանապատվություն, մարդկային ինքնասիրություն, այսօր դարձել է Ալիեւի, Էրդողանի կամակատարի կամակատարը: Կարո՞ղ է երկիրը նման ղեկավարություն ունենալ: Ունի բայց: Խնդիրը ազգային արժանապատվություն, պետական մտածողություն, մարդկային ինքնասիրություն չունեցող մարդկանց հեռացնելն է եւ վստահ եմ, այդպես էլ լինելու է»:
Անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ցույցին՝ նա ասաց, որ շատ ճիշտ մարտավարություն է ընտրվել, վերկուսակցական ու վստահ է, որ այս ապակենտրոն գործողությունները առաջիկայում տարածվելու են. «Գոյանալու է այն կրիտիկական զանգվածը, որը պարտադրելու է սրանց հեռանալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ