Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախությունը նաև հոգեվիճակ է, մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա իրապես անկախ լինել». Ալվինա Գյուլումյանը՝ դատավորներին

Ապրիլ 22,2022 17:26

«Դատարանների անկախությանը սպառնացող վտանգներն ավելի ակնհայտ են դառնում քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ժամանակ»,-Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ դատավորների միության 25-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ դատավորների միության առաջին նախագահ Ալվինա Գյուլումյանը:

Նա նաև նկատեց՝ այդ դեպքերում փորձում են, այսպես ասած, քավության նոխազներ փնտրել: Ալվինա Գյուլումյանը վստահեցրեց՝ ՀՀ դատավորների միություններն ընդհանրապես ամբողջ աշխարհում մեծապես նպաստում են դատավորների անկախությանը: Հետո էլ կարծիք հայտնեց, թե ինչ գործոններ են ազդում դատավորների անկախության սահմանափակումների վրա. քաղաքական կուսակցությունների ազդեցություն, քաղաքական իշխանություններ և այլն:

Դատական համակարգի անկախության հարցում նա կարևորեց հանրային իրազեկության բարձրացումը, միության անդամների միջև երկխոսությունը: Նաև հայտարարեց. «Դատարանների խնդիրը պետք է լինի ոչ միայն դատական գործեր քննելը, այլև կողմերին համոզելը, որ այդ որոշումները հասկանալի են»:

Նա նաև կարևորեց դատական համակարգի թափանցիկ կառավարումը: Անդրադառնալով դատավորների անկախությանն՝ Ալվինա Գյուլումյանն ասաց. «Անկախությունը նաև հոգեվիճակ է, մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա իրապես անկախ լինել»:

Դատավորների միության նախկին նախագահ Հրաչ Սարգսյանը նկատեց. «Միշտ ասում էին՝ նախկին դատավոր չի լինում: Նախկին բառը չգիտեմ՝ ոնց է օգտագործվել, բայց գտնում եմ, որ նախկին դատավոր, նախկին ոստիկան, դատախազ չի լինում: Այն, ինչ սերմանված է մարդու մեջ, այդպես էլ մնալու է»:

Ըստ նրա՝ համերաշխությունն ամենադժվար բանն է: Այս առիթով ասաց. «Խնդրում եմ, որ համերաշխ լինեք իրար հետ, այդ դեպքում մեծ հաջողությունների կհասնեք»:

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Դատավորների միության 3-րդ նախագահ, ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, անդրադառնալով 2017-2020-ի ժամանակահատվածին այն համարեց դատական իշխանության համար ցնցումներով լեցուն: Այնուհետև նշեց. «Դատական համակարգն ինձ համար ընտանիք է և հարազատ անկյուն: Մշտապես ուրախանալու եմ հաջողություններով՝ շատ ծանր տանելով դատական իշխանության հանդեպ հնչող անհիմն մեղադրանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930