Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցները խոշոր չափերով կաշառք էին պահանջել

Ապրիլ 22,2022 17:21
shinararutyun

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից շինարարական կազմակերպության սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 2018թ. որոշմամբ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագրում ներառվել էր նաև ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցումը։ Ըստ այդմ` ստեղծվել էր հիշյալ ծրագրի շրջանակներում աշխատանքների և ապրանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող գնման գործընթացի միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Խ.-ն` որպես հանձնաժողովի նախագահ և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Ա. Զ.-ն՝ որպես հանձնաժողովի անդամ:

2021 թվականի մայիսի 24-ին Հիմնադրամի կողմից վերը նշված դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին պատկանող շինարարական ընկերությունը: Դրանից հետո Հիմնադրամի պաշտոնատար անձինք` Հ. Խ.-ն և Ա. Զ.-ն, նախնական համաձայնություն են ձեռք բերել` կնքվելիք պայմանագրի շուրջ 1,9 մլրդ ՀՀ դրամ արժեքի 2 տոկոսի չափով հիշյալ ընկերության համասեփականատերերից կաշառք պահանջելու վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Զ.-ն Հ. Խ.-ի հանձնարարությամբ հանդիպել է  կազմակերպության համասեփականատեր Տ. Ն.-ին և նրա հետ սակարկությունների արդյունքում վերջինից պահանջել պայմանագրի արժեքի 1.5 տոկոսի չափով` ավելի քան 28 մլն ՀՀ դրամ կաշառք` դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իրենց լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու, շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու և այդ կերպ՝ ընկերությանը հավելյալ ֆինանսական ծախսերից զերծ պահելու համար:

Պայմանագրի կնքումից հետո` 2021թ.-ի սեպտեմբերին, Տ. Ն.-ն կապալառու կազմակերպության մյուս համասեփականատիրոջ` Ե. Գ.-ի իմացությամբ այցելել է Հ. Խ.-ի մատնանշած` վերջինիս համար անվտանգ հանդիպման վայր՝ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիր, որտեղ Հ. Խ.-ին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը:

2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խ.-ն և կաշառք տված Տ. Ն.-ն բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խ.-ի մոտ հայտնաբերվել է կաշառքի հիշյալ գումարը։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Զ.-ին և Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով:

Կապալառու կազմակերպության համասեփականատերեր Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930