«Ճգնաժամային տարում նախնական պլանի նկատմամբ 147 միլիարդ դրամով գերակատարել ենք բյուջեի եկամուտները եւ երկրորդ՝ նախնական պլանի նկատմամբ կապիտալ ծախսերի 100 տոկոս իրականացում է եղել»,-այսօր այս մասին կառավարության նիստում, երբ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» հարցը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ 2022 թվականի բյուջեի եկամուտներն ու ծախսերն էլ հսկայական չափով ավելացրել են. «Փետրվարի վերջին եւ մարտին աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով մենք որոշակի անհանգստացնող միտումների առերեսվեցինք, բայց մեր լավատեսությունը վերականգնելու համար շատ կոնկրետ հիմքեր կան: Այս պահի դրությամբ մենք շարունակում ենք ընթանալ բյուջեի գերակատարման պլանով»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարվա մարտ ամսվա տվյալներով՝ մարտ ամսվա համար աշխատատեղերի բացարձակ ռեկորդ ունեն Հայաստանի ողջ պատմության համար: Ըստ նրա, քանի որ աշխատատեղերն ունեն որոշակի սեզոնայնություն, ամիսը համեմատում են ամսվա հետ: Նշեց, որ 2022-ի մարտին գրանցված աշխատատեղերի տվյալները պատմականորեն զիջում են միայն 2021-ի դեկտեմբերի տվյալներին:
2022 թվականի մարտին գրանցվել է 654 հազար 784 վճարվող աշխատատեղ, որը 2021-ի մարտի համեմատ ավելի է 32 հազար 622 աշխատատեղով: Փաշինյանն ասաց, որ 2018 թվականի մարտի համեմատ աշխատատեղերն ավելի են 120 հազար 660-ով: Նրա խոսքով, առկա է մեթոդաբանության խնդիր եւ չեն կարող զատորոշել՝ քանիս են նոր ստեղծված, քանիսն են ստվերից դուրս եկած աշխատատեղերը:
Կարդացեք նաև
Արմեն Հայրապետյանի զեկույցից հետո կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ